Մատչելիության հղումներ

Ալավերդցիները քաղաքապետ են ընտրում աշխատանքի հույսով


Ալավերդու համայնապատկեր

Ալավերդու համայնապատկեր

Լոռու մարզպետը վստահեցնում է՝ ընտրություններից հետո քարոզչության շրջանի լարված մթնոլորտը քաղաքում կանցնի։

Լոռու մարզպետ, իշխող Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Արթուր Նալբանդյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ ինքը չի կարող չեզոք գտնվել Ալավերդու քաղաքապետի ընտրություններում։

«Չեզոք չեմ էլ կարող լինել», - ասաց մարզպետը, բացատրելով՝ քանի որ կուսակցությունը սատարում է անկուսակցական թեկնածու Կարեն Փարեմուզյանին, ինքն էլ օրենքի սահմաններում զբաղված է քարոզչությամբ:

Նախընտրական քարոզչության ժամանակ լարված մթնոլորտը մարզպետը նորմալ է համարում՝ համոզված պնդելով, որ քվեարկությունից հետո այն կանցնի:

Ընդհանուր առմամբ, քվեարկության օրն ու դրան նախորդող ժամանակաշրջանը Նալբանդյանը գնահատեց նորմալ՝ բամբասանքներ որակելով մրցակից թեկնածու, անկուսակցական Արթուր Աբգարյանի կողմնակիցների հնչեցրած բողոքները:

Թեկնածուի շտաբը ճնշումների մասին ահազանգեր է ստացել

Աբգարյանի նախընտրական շտաբի պետ Արա Թովմասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե քարոզարշավի ընթացքում իրենց են դիմել տարբեր քաղաքացիներ, պատմել, որ իշխանական թեկնածուի կողմնակիցների կողմից իրենց վրա ճնշումներ կան, մասնավորապես՝ նպաստից զրկելու, բնակարանի էլեկտրամատակարարումը դադարեցնելու սպառնալիքների տեսքով:

Թովմասյանն ասաց, թե դրանց վերաբերյալ փաստեր չունեն, կան միայն քաղաքացիների ահազանգեր, իսկ քաղաքացիները չեն անսացել իրենց հորդորին՝ հրաժարվելով բողոք ներկայացնել իրավասու մարմիններին:

Աբգարյանի նախընտրական շտաբի ղեկավարը նշեց, որ քվեարկությունը մինչ այս անցնում է նորմալ, էական խախտումներ չեն արձանագրել, ընդամենը մանր թերություններ են արձանագրվել:

Արթուր Աբգարյանը, իր հերթին, «Ազատությանը» փոխանցեց, որ խախտումներ, այդուհանդերձ, արձանագրվել են։ Թերություններ կան անձնագրերի, ստորագրությունների հետ կապված, ասաց ինքնաառաջադրված թեկնածուն՝ նաև նշելով, որ մրցակիցը կիրառում է վարչական լծակները, մասնավորապես՝ ավտոմեքենաներով ընտրողներին տեղափոխում են տեղամասեր:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերքում է այս մեղադրանքները:

Ալավերդցիներն ընտրում են աշխատանքի հույսով

Ալավերդին բաժանվել է երկու մասի: Քաղաքապետի աթոռի համար պայքարում են երկու անկուսակցականներ՝ Լոռիում հայտնի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի տնտեսագետ եղբայրը՝ Արթուր Աբգարյանը, և Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ, անկուսակցական, բայց իշխող Հանրապետականի կողմից առաջադրված Կարեն Փարեմուզյանը: Գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը չի առաջադրել թեկնածությունը:

Հիմնականում ակտիվ են իշխանության թեկնածուի նախընտրական շտաբները, դրանց դիմաց կուտակումներ կան:

«Ազատության» հետ զրույցներում ալավերդցիներն ասում են, որ ամենամեծ խնդիրը աշխատանքն է՝ իրենց նախընտրած թեկնածուից հենց դա են սպասում: Ընտրողներից մեկն էլ, չցանկանալով հրապարակել նախընտրած թեկնածուի անունը, համոզված ասում էր, թե հենց նա կընտրվի ու կլուծի քաղաքի խնդիրները: Չնայած համոզվածությանը՝ ալավերդցի ընտրողն ասաց, թե ոչ մասնակցել է թեկնածուների նախընտրական հանդիպումներին և ոչ էլ ծանոթ է նրանց ծրագրերին:

Ընտրողներից մեկն էլ քաղաքի Սարահարթ թաղամասում ավտոբուսի էր սպասում, որ հասներ Ակներ կոչվող թաղամասում գտնվող ընտրատեղամաս: Կինն ասաց, թե խոստացել էին ավտոբուսներ բերել, և իր հաշվին ընտրատեղամաս չի հասնի: Հարցին, թե ինչու տաքսիով չի գնում, կինը պատասխանեց՝ «ինչո՞ւ պետք է հանուն ուրիշի փող ծախսեմ»:

ԸԸՀ-ն մինչև ժամը 17-ը երկու ահազանգ է ստացել

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մինչև ժամը 17-ը Արթուր Աբգարյանի շտաբից ահազանգ են ստացել խախտման երկու դեպքի մասին։ Մեկը վերաբերում էր թանաքին՝ ահազանգ կար, որ այն հեշտությամբ և արագորեն ցնդում է, մինչդեռ պարզվել է, որ չնայած հեղուկի ավելցուկին՝ նման բան չկա: Մյուս խախտումը վերաբերում է ընտրողի անվան դիմաց մեկ ուրիշ քվեարկողի ստորագրությունը. քաղաքացին, պարզելով, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է, բողոքել է, ինչից հետո կազմվել է արձանագրություն, արդյունքում նա ստորագրել է իր անվան դիմաց ստորագրած քաղաքացու անվան դիմաց:

Վանյանի տվյալներով, ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են ընտրողների 47.8 տոկոսը՝ 16 հազար 473 ընտրողից 7 հազար 888-ը:

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 8-ին և ավարտվելու է ժամը 20-ին։

XS
SM
MD
LG