Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում կարկտահարության դեմ պայքարի ուղիներ են փնտրում


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և գյուղնախարար Սերգո Կարապետյանը կարկտահարությունից տուժած ցորենի արտում, Շիրակի մարզ, հուլիս, 2014թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և գյուղնախարար Սերգո Կարապետյանը կարկտահարությունից տուժած ցորենի արտում, Շիրակի մարզ, հուլիս, 2014թ․

Մարզի որոշ համայնքներ ամեն տարի կարկտահարությունից տուժում են, իսկ պետության տված փոխհատուցումը անհամեմատելի է գյուղացու կրած վնասի հետ:

Գրեթե ամեն տարի Շիրակի մարզի գյուղատնտեսությունը վնասներ է կրում, սակայն անցած տարի աննախադեպ էր կարկտահարության հասցրած վնասը: 37 համայնք էր տուժել, ավելի քան 11 հազար հեկտար ցանքատարածություն էր վնասվել: Վնասը գումարային արտահայտությամբ գերազանցել էր 3 միլիարդ դրամը:

Գյուղացու կրած վնասի փոխհատուցման խոստումներ շատ եղան: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում գյուղացու կրած վնասն ու պետության փոխհատուցման թվերն է համեմատում․ - «Մենք համայնքներ ունենք, որ ամեն տարի, ամենամյա կարկտահարության մեջ են մնում: Ցավով պիտի ասեմ, բայց համայնքներ կան՝ ամեն տարի կարկտահարվում են, չեն կարողանում բերք հավաքել: Այդ համայնքներում խնդիրներ միշտ կան ու միշտ էլ կլինեն: Չես կարող ապահովել այն, ինչ որ իրենք կորցրել են: Դե բնականաբար, էդ հնարավորությունը՝ եթե 10 հազար տոննա հացահատիկ ենք մենք ամեն տարի կորցնում ամենաքիչը կարկտահարության հետևանքով, պարզից պարզ է, որ պետությունը դա չի կարող փոխհատուցել: 10 հազար տոննան դա մի թիվ է, որ, ասենք, մենք սերմացուի տեսքով ստանում, էլի վաճառում ենք իրենց՝ ցածր գներով, մաքսիմում-մաքսիմում՝ 2 հազար տոննա: Անցած տարի 1900 տոննա է եղել, բայց էլի վաճառքի տեսքով»:

Այս տարի էլ բնությունը արդեն հասցրել է գյուղացուն վնասներ պատճառել: Մարզի մի քանի համայնքում ցրտահարություն է գրանցվել, դաշտեր են ջրածածկ եղել, և արդեն իսկ կարկտահարությունից կա վնաս:

«Մենք ունենք ջրածածկ տարածք Գետքում, ունենք ցրտահարություն երեք համայնքում, և կարկտահարությունից ընդամենը 10 համայնք է տուժել մարզում: Ուրեմն, ընդհանուր հեկտարը՝ մոտ 650 հեկտար, վնասը կազմում է 115 միլիոն դրամ», - ասաց Մանուկյանը:

Մարզում թեև 56 հակակարկտային կայան կա տեղադրված, բայց դրանց արդյունավետությունը 100 տոկոս չէ՝ ռադիոլոկացիոն կայանի բացակայության պատճառով: Հիմա ռադիոլոկացիոն կայան ունենալու հարցն առաջնահերթ է դարձել:

«Հիմա մեր առաջարկությունը արդեն ընդունվել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, մարզում ռադիոլոկացիոն ցանցի տեղադրման հարցը հիմա մեր համար առաջնահերթ խնդիր է, և 2015 թվականին գոնե ոչ՝ 2016 թվականի գարնանը անպայման մարզում ունենալ ռադիոլոկացիոն կայան, որպեսզի մարզի տարածքը ամբողջովին վերահսկվի», - նշեց մարզպետարանի գյուղվարչության պետը՝ մանրամասնելով․ - «Վիզուալ, ակնադիտական, ճիշտ է, մենք ունենք ծառայություն, որը սպասարկում է դա, այդ ծառայությունը տեսնում է այդ ամպերը, բայց, ցավոք սրտի, երեկոյան և գիշերվա ընթացքում այդ ամպերը չի տեսնում, չեն կարող տեսնել, իսկ լոկացիոն կայանի տեղադրումով այդ հարցին նաև լուծում կտրվի»:

«Ճշգրիտ դիտարկում չկա, այսպես ասած՝ 70 տոկոս հավանականությամբ դիտարկում կա: Ինչ խոսք՝ ռադիոլոկացիոն կայանի տեղադրումը ամեն ինչ կբերի իր տեղը», - ընդգծեց Մովսես Մանուկյանը:

Կարկտաբեր ամպերը Շիրակի մարզ Թուրքիայի տարածքից են հիմնականում ներթափանցում: «Առաջին գծում» տեղադրված է 35 հակակարկտային կայան, ևս 30-ի կարիքը կա:

Այս տարի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նախատեսվում է տեղադրել 6 հակակարկտային կայան: Ծրագիրը կա, սակայն գումարը դեռ չկա:

«Այս տարի 6-ը բյուջեի հաշվին, ուրեմն, մարզպետարանին տված միջոցների հաշվին, մարզպետը որոշում է կայացրել, որ դրանից 6-ը անպայման տեղադրվի՝ էդ գումարի հաշվին 6 հակակարկտային կայան: Գումարը չի եկել, բայց արդեն նախատեսված է: Այսինքն, էն որ ինչ որ նախատեսված է՝ գումարի առկայության պայմաններում հաստատ 6 հակակարկտային կայաններ մարզում այս տարի կտեղադրվեն», - ասաց գյուղվարչության պետը՝ հավելելով․ - «Դե տարի չի եղել, որ այդ գումարը չգա»:

Մարզի գլխավոր գյուղատնտեսն ասում է, որ չնայած գյուղացու կրած նյութական վնասներին՝ այս տարի 2 հազար 500 հեկտարով ավելի աշնանացան ցորեն է ցանվել մարզում: Եթե բնությունը անակնկալ չմատուցի, ապա տարին բարենպաստ է համարվում գյուղատնտեսության համար՝ նկատի ունենալով եղանակային պայմանները:

XS
SM
MD
LG