Մատչելիության հղումներ

logo-print

Տարաձայնություններ Իրան - Հայաստան գազատարի վերջին հատվածի վաճառքի շուրջ


Իրան - Հայաստան գազատարը

Իրան - Հայաստան գազատարը

Իշխանությունը պնդում է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չի տուժում, մինչդեռ ընդդիմությունը ազգային շահերի դեմ ուղղված գործարք է համարում դա:

Իրան - Հայաստան գազատարի վերջին 40 կիլոմետրանոց հատվածի վաճառքից Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չի տուժում, կարծում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ»-ին: Նախնական պայմանագիրն արդեն կնքված է։

«Վերջին հատվածի խնդիր չէ, այստեղ կառավարման խնդիր է, և, բնականաբար, կարծում եմ, որ համակարգային մոտեցում է ցուցաբերվում խնդիրների նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը՝ շարունակելով․ - «Իսկ ինչ վերաբերում է՝ Հայաստանի Հանրապետությունը, իր շահերը և իր էներգետիկ անվտանգության խնդիրները դրանից չի տուժում»:

Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն էլ վստահեցնում է՝ հայկական կողմի համար գազամուղը շահագործելիս խոչընդոտներ չեն ստեղծվի: Անկախ նրանից, թե ով կլինի գազատարի այդ հատվածի սեփականատերը՝ «Գազպրոմ»-ը թե այլ ընկերություն, հայաստանյան ՋԷԿ-ի և Իրանի միջև պայմանագրային պարտավորությունների վրա այդ հանգամանքը, ըստ փոխնախարարի, չի ազդի:

«Որևէ տեղ անհանգստության խնդիր չկա: Եթե դուք քաղաքակա՛ն դաշտում եք նայում՝ դա այլ հարց է: Ոչ, սուվերենության կորուստը՝ մենք արդեն ամբողջությամբ էդ ցանցը, ամբողջ ցանցը՝ տրանզիտային խողովակներով, բաներով, տվել ենք, բնականոն ձևով տվել ենք իրենց, և իրենք նորմալ շահագործում են», - ասաց Գալստյանը՝ հավելելով․ - «Այլ հարց, որ պրետենզիաներ կան՝ թանկ է, էժան է, էդ այլ հարց է, լրիվ այլ դաշտում է: Դուք ինձ հարցնում եք պրոֆեսիոնալ մասով՝ ես ասում եմ, որ միանշանակ՝ պրոֆեսիոնալ ընկերությունը, որը շահագործմամբ զբաղվում է, ինքն էլ պետք է զբաղվի՝ միանշանա՛կ»:

Եթե իշխող Հանրապետականի և Կառավարության ներկայացուցիչները որևէ խնդիր չեն տեսնում Իրան - Հայաստան գազատարի վերջին հատվածը Ռուսաստանին վաճառելու մեջ, ընդդիմադիրներն այս գործարքը քննադատում են:

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է՝ անգամ այդ փոքր հատվածը Հայաստանի ձեռքում շատ բան էր փոխում:

«Ավելի շատ ինձ համար ոչ թե տնտեսական գործարք է, այլ քաղաքական և աննամուս գործարք՝ հետևյալ առումով․ Հայաստանը զրկեց ինքն իրեն որոշում կայացնելու վերջին հնարավորությունից: Որովհետև եթե դու ունես թեկուզ այսքան՝ մեկ հարյուրերորդ մասնաբաժին, ապա դու որոշում կայացնողների մեջ ես՝ ամբողջ համակարգի համար: Մենք 20 տոկոս որ տվեցինք «Գազպրոմ»-ին՝ վերջին 20 տոկոս, Հայաստանի կառավարությունն ինքն իրեն զրկեց էդ համակարգում որոշումներ կայացնելու իրավունքից», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

«Իմ մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանի իշխանությունը իր սուվերենության կտորներն է տալիս: Այդ 8-10 միլիոն դոլարը հարց չի լուծելու», - ասաց Մանուկյանը՝ հավելելով․ - «Իհարկե, շատ էժան է, ամոթ է, որ էդպիսի վաճառք․․․ Բայց ինձ համար, կրկնում եմ, էդ աննամուս մոտեցումն է զայրացնում, որ դու էնքան արժանապատիվ չես, որ քո ոչ թե ապրանքն ես վաճառում, այլ քո որոշում կայացնելու իրավունքն ես վաճառում»:

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ հատկապես Իրան - Արևմուտք ջերմացող հարաբերությունների ֆոնին՝ գազամուղն ամբողջովին Ռուսաստանին հանձնելը պատահականություն չէ, գործընթացը դեմ է Հայաստանի ազգային շահերին:

«Ես միանշանակ կարող եմ պնդել, որ սա դավաճանական գործողությունների շարքին է պատկանում՝ նման հայտարարությունները, և եթե կկնքվի այդպիսի գործարք, դա ուղղակի դավաճանություն է հայ ժողովրդի և հայ ժողովրդի շահերի նկատմամբ: Որովհետև մենք, հատկապես այսօր, երբ տարածաշրջանը ամբողջ փոփոխության է ենթարկվում, քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ ամբողջովին ենթարկվում է փոփոխության, և Իրանը մուտք է գործում Արևմուտքի շուկա, էստեղ մենք ունենք մեր ազգային շահերը, և հենց այս ազգային շահերի դեմ ուղղված գործարք է նախատեսվում սա», - հայտարարեց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ այս կերպ չեզոքացվում է Հայաստանի ինքնուրույն գործելու հնարավորությունը․ - «Ռուսաստանը փորձում է լինել տարածաշրջանում թելադրող և ինքնուրույնությունից զրկում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ այս զրկմանը մասնակից է նաև Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների խումբը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից (ԲՀԿ) Վահե Էնֆիաջյանն ասաց՝ զերծ կմնա գնահատականներից, սակայն էներգետիկ անվտանգությունը պետք է լինի Հայաստանի հիմնական խնդիրը:

«Նման ինչ-որ գնահատականներից ես զերծ կմնամ՝ դա մեր ներքին անկախությանը, ինչ ընկալելիության հետ կապված հարց կա, բայց էն, որ երկրի ներքին տնտեսական հենքը հանդիսանում են էներգակիրները, և թե երկիրը ինչքանով է մրցունակ էներգետիկ համակարգում՝ այդտեղ երկրորդ կարծիք չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էնֆիաջյանը:

«Եվ մի շատ կարևոր բան, որը որ ամբողջ ժամանակակից աշխարհը ձգտում է՝ վերականգնվող էներգետիկայի հետ կապված մեծ ներդրումներ պետք է կարողանանք իրականացնել Հայաստանում: Որովհետև Հայաստանը ժամանակին եղել է տարածաշրջանում որպես էներգետիկ համակարգի ամենակայուն հանրապետություններից մեկը, ով կարողացել է նաև էս հարցում էքսպորտ ձևավորել, էսօրվա դրությամբ մի բան էլ մենք ներկրում ենք, այլ ոչ թե կարողանում ենք վաճառել», - ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

ՀՅ Դաշնակցությունից փոխանցեցին, որ կմեկնաբանեն ավելի ուշ:

XS
SM
MD
LG