Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Կաննում մասնակցել է «Միդեմ»-ի բացման երեկոյին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը:

Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Որպես «Միդեմ-2015» փառատոնի խորհրդանիշ է ընտրվել և մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով և խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը` հողը, օդը, ջուրը և կրակը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված է նաև վիզուալ առումով: Ողջ քաղաքը զարդարված է հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է Հայաստանին։

Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ողջ երեկո փակվել է, և դադարեցվել է երթևեկությունը։ Կաննի ամենահայտնի և պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Միդեմ»-ի բացման երեկոն, որտեղ հանդես են եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչև ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը և DJ Beatman-ը:

«Կարլտոն» հյուրանոցի սրահում բացվել է յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մոտիվներով հագուստները:

Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև հայ ազգային խոհանոցն ու խմիչքները:

Հունիսի 5-ին Միդեմում Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը: Նախագահը համերգային ծրագրերին ներկա գտնվելուց բացի, երեկոյի ընթացքում հանդիպումներ է ունեցել երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հետ։

Ֆլորիան Դրուկեն Գերմանական երաժշտական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի գործադիր տնօրենն է։ Այս ասոցիացիան աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից, Ճապոնիայից հետո։ Հեղինակավոր այս կառույցի ղեկավարն առաջարկել է Հայաստանի նախագահին Կոմիտասի ժառանգության հիման վրա համատեղ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել։

«Մոնտրո» ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Մեթյու Ջեյթոնը Սերժ Սարգսյանին իր հիացմունքն է հայտնել դաշնակահար Տիգրան Համասյանի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի մասին, ապա առաջարկել է հեղինակավոր այս փառատոնի մասնաճյուղը բացել Հայաստանում։

Ժան Նոել Թրոնքը՝ «Sacem» աշխարհի երկրորդ ամենամեծ երաժշտական ասոցիացիայի գլխավոր տնօրենը, Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է իրենց կազմակերպության 90-ամյակի առթիվ հաջորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել հեղինակային իրավունքին նվիրված մեծ կոնֆերանս։

«Միդեմ» երաժշտական փառատոնը կշարունակվի ևս երեք օր՝ հագեցած համերգային ծրագրերով, դասախոսություններով ու ցուցադրություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG