Մատչելիության հղումներ

Ամերիկացի իրավապահները ոչ պաշտոնապես հայտնում են, որ օրերս տեղի ունեցած կիբեռհարձակման հեղինակները գտնվում են Չինաստանում:

Միացյալ Նահանգների Անձնակազմի կառավարման պետական վարչության վրա կատարված կիբեռհարձակման հեղինակներին հաջողվել է ապօրինի ձեռք բերել ավելի քան չորս միլիոն ամերիկյան պետական ծառայողների անձնական տվյալներ:

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն անուններ դեռևս չի հրապարակում, սակայն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոչ պաշտոնապես հայտնում են, որ հարձակման հեղինակները գտնվում են Չինաստանում:

Ոչ պաշտոնական մեղադրանքին չինական կողմը պաշտոնապես արձագանքել է սեփական արտգործնախարարության խոսնակի միջոցով. - «Հույս ունենք՝ մեղադրանքների փոխարեն Միացյալ Նահանգներն այս ոլորտում վստահություն ու համագործակցություն կցուցաբերի»:

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը նշել է, որ անհրաժեշտ է հավասարակշիռ հետաքննություն կատարել, և դեռևս վաղ է մատնանշել հարձակման կոնկրետ մեղավորներին:

Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները տեղեկացված է Չինաստանից բխող վտանգի մասին: «Նախագահ Օբաման Չինաստանի նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ բարձրացրել է Չինաստանի՝ ինտերնետում ակտիվ գործունեություն ծավալելու խնդիրը՝ որպես մտահոգության առարկա», - ասել է Ըրնեսթը:

Սպիտակ տան խոսնակը հիշեցրել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը համագործակցում են «ազգային անվտանգության հզորացմանն ուղղված մի շարք ուղղություններով»:

Մասնագետների խոսքով, կիբեռհարձակման մակարդակն ու կազմակերպվածությունը թույլ են տալիս եզրակացնել, որ հարձակվողները ոչ թե մասնավոր անձինք են եղել, այլ պետություններ կամ պետական մարմիններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG