Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Վրաստանի փախստականների վերադարձի մասին բանաձևին


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում անցած չորեքշաբթի Հայաստանը դեմ է քվեարկել Վրաստանի փախստականների վերադարձի, նրանց իրավունքները պաշտպանող բանաձևին:

Բանաձևն ընդունվել է ձայների 75 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ:

Դեմ քվեարկած երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Վենեսուելան, Վիետնամը և այլն:

Ընդունված բանաձևը բռնի տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունքների մասին է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան անարգել վերադառնալ իրենց տները, այդ թվում՝ Աբխազիա և Հարավային Օսիա:

Բանաձևը նաև անընդունելի է համարում այդ շրջաններում ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը:

Նշված է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում անհրաժեշտ է հումանիտար անխափան աշխատանքներ իրականացնել, պաշտպանել փախստականների ու ներքին տեղահանվածների սեփականության իրավունքը:

Քվեարկությունից առաջ ծավալված քննարկումներում Վրաստանի ներկայացուցիչն ասել է, որ յուրաքանչյուր «կողմ» քվեարկություն աջակցություն է հումանիզմի հիմնարար արժեքներին, ուժեղ ազդանշան է բռնի տեղահանվածներին և փախստականներին, որոնք կազմում են երկրի բնակչության 10 տոկոսը:

Վրաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ներկայացված բանաձևը ուղղված չէ որևէ կողմի դեմ, մատնացույց չի անում, թե ով է պատասխանատու ուժով տեղահանությունների համար: Բանաձևը նախատեսված է տեղահանվածների իրավունքները պաշտպանելու համար, մի կողմ թողնելով քաղաքականությունը, կենտրոնանալով հումանիտար հարցերի վրա:

Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը, ընդհակառակը, պնդել է, որ նախաձեռնությունը քաղաքականացված է և իր էությամբ կոնյունկտուրային:

«Վրաստանի պատվիրակությունը, ինչպես նախկինում, այս թեման և հումանիտար հարցերը օգտագործում է տարածաշրջանի իրավիճակի նկատմամբ իր մոտեցումներն ու գնահատականները առաջ մղելու համար»,- պնդել է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ Աբխազիան և Հարավային Օսիան ներկայացնելով որպես անկախ պետություններ:

«Հակառակ իրականությանը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների կամքին, բանաձևը նորից առաջ է մղում այդ անկախ, ինքնիշխան երկրները Վրաստանին պատկանելու թեզը»,- հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ ասելով, որ տեղահանվածների և փախստականների վերադարձի համար առանցքային նշանակություն ունի անվտանգությունը, իսկ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ստորագրել ուժ չկիրառելու մասին համաձայնագրեր:

Հիշեցնենք, որ առաջին անգամ բանաձևի նման նախագիծ ՄԱԿ-ում ներկայացվել է 2008 թվականին: Այն ժամանակ խոսքը վերաբերում էր միայն Աբխազիայի փախստականներին, իսկ կողմ էր քվեարկել 14 երկիր: Տարեցտարի ավելանում է բանաձևը պաշտպանող երկրների թիվը:

Այս տարի հունիսի 3-ին ընդունված բանաձևում Գլխավոր ասամբլեան ճանաչում է բոլոր տեղահանվածների և փախստականների և նրանց սերունդների իրավունքը, անկախ էթնիկ պատկանելությունից, վերադառնալ իրենց տները՝ այդ թվում Աբխազիա և Հարավային Օսիա:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ բանաձևի ընդունումը Վրաստանի դիվանագիտության հաղթանակն է:

«75 պետություն պաշտպանեց հարկադիր տեղահանվածների իրավունքը՝ վերադառնալու իրենց տները: Սա նշանակալից և աննախադեպ աջակցություն է մեր երկրին: Սա նաև մեր դիվանագիտության հաղթանակն է: Արտաքին գերատեսչությունը շատ լավ աշխատեց՝ համոզելու համար հոռետես տրամադրված երկրներին, որոնք նախկինում չէին պաշտպանում այս բանաձևը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Վրաստանը պնդում է, որ երկրում ավելի քան 400 հազար փախստական ու հարկադիր տեղահանված կա։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ նրանց թիվը 262 հազար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG