Մատչելիության հղումներ

Ընտրությունների նախօրեին Աբովյանում բանավեճը Ծառուկյանի ազդեցության շուրջ է


Երկու օրից Աբովյանում քաղաքապետ կընտրեն: Թեժ մրցապայքար է հատկապես հինգ թեկնածուներից երկուսի՝ տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանին մարտահրավեր նետած «Պալաչ» մականվամբ հայտնի Արթուր Հարությունյանի և այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին առաջնորդի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանի միջև, ում սատարում է նաև իշխող Հանրապետականը (ՀՀԿ)։

Երկու թեկնածուներն էլ վստահ են, որ հաղթելու են: Արթուր Հարությունյանը շարունակում է պնդել՝ իր հիմնական մրցակիցը ընտրություններին չմասնակցող Գագիկ Ծառուկյանն է:

«Եթե ամեն տեղ հանդես է գալիս Ծառուկյանի շքախումբը, մարզպետը, ես ո՞ւմ հետ եմ պայքարում։ Իհարկե՛, Ծառուկյանի։ Վահագն Գևորգյանը չունի այդ ներուժը, նորմալ անձնավորություն է, բայց ափսոս, որ դրածո մարդ է»,- ասաց Հարությունյանը։

Ծառուկյանի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ իշխող ՀՀԿ-ի ու Ծառուկյանի աջակցությո՞ւնն է իր վստահության պատճառը։ Ասաց՝ Ծառուկյանը այս ընտրությունների հետ որևէ առնչություն չունի։

«Ե'վ Արթուր Հարությունյանին, և' մյուս թեկնածուներին ասեմ, որ եթե վաղը պարտվեն, պարտվելու են ինձ ու իմ թիմակիցներին, այն համախոհներին, որոնք իմ կողքին են։ Համառորեն չեն ուզում հասկանալ, որ Ծառուկյանը էս ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց Գևորգյանը։

Արթուր Հարությունյանն արդեն բարձրաձայնում է հնարավոր ընտրակեղծիքների մասին, ասում է՝ ապացույցներ ունի։

«Մարդկանց ասում են՝ ձեր գույքահարկը կզիջենք, եթե ընտրեք Վահագին։ Անգամ չեքերը մեզ մոտ են։ Իրենք բերելու են ID քարտերով մարդիկ, փորձելու են այն պահին, երբ մատյանի մոտ նստած լինի իրենց հանձնաժողովի նախագահը կամ անդամը, հնարավորություն ստեղծել՝ կեղծ ընտրություն կատարելու։ Եթե մեկը կփորձի, կդատվի»,- ասաց Հարությունյանը։

Աբովյանի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Կարո Իսրայելյանը միայն մեկ նախընտրական շտաբ ունի, ակտիվ քարոզարշավ չի կազմակերպում: Վերջին օրը առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյանը, ով նույն անուն ազգանուն հայրանունով երկրորդ թեկնածուն է, ոչ շտաբ ունի, ոչ էլ հանդիպումներ է անցկացնում: Մյուս թեկնածուն՝ աբովյանցի գործարար Էդվին Թադևոսյանը խոստանում է հաղթանակի դեպքում առաջին հերթին վերացնել քաղաքում վախի մթնոլորտը: Ծառուկյանի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը, մինչդեռ, արհեստական է համարում այսպիսի հայտարարությունները։

«Ես ի՞նչ կապ ունեմ կոմունալ վարձերի կամ գույքահարկի հետ։ Ես թեկնածու եմ, երբևիցե քաղաքային իշխանությունում չեմ աշխատել, այդ լծակները չունեմ։ Կանխավարկած ստեղծել, որ ընտրությունների օրը կլինեն ընտրակեղծիքներ, ծեծ ու կռիվ, Աբովյանում կա վախի մթնոլորտ, եկել են երևակայական չար ուժերից էս քաղաքը փրկելու, ես հավաստիացնում եմ, որևիցե վախի մթնոլորտ էստեղ չկա»,- ասաց Գևորգյանը։

Քվեարկությունից երկու օր առաջ հիմնական բանավեճը կրկին Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող Գագիկ Ծառուկյանի շուրջ է: Նրա ընդդիմախոս Արթուր Հարությունյանը պնդում է՝ չնայած քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարություններին, ԲՀԿ նախկին ղեկավարը փորձում է այս ընտրություններով պահպանել ազդեցությունը Աբովյանում՝ իր խորհրդական Վահագն Գևորգյանի միջոցով: Վերջինս հակադարձում է՝ եթե անգամ Ծառուկյանի ազդեցությունը կա, ապա միայն դրական։

«Եթե ազդեցության գոտի ասելով նկատի ունեն Ծառուկյանի ստեղծած լավ ավանդույթները, ուրեմն թող այդպես լինի։ Ծառուկյան ընտանիքի միջոցներով է, որ էս քաղաքում նվեր է եղել մեր գեղեցիկ Սուրբ Հովհաննեսը, հոգևոր մշակույթի մեր կենտրոնը»,- ասաց Գևորգյանը։

XS
SM
MD
LG