Մատչելիության հղումներ

Վեհափառն ընդունել է Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Վեհափառը անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին` մասնավորապես ընդգծելով հարևան երկրների միջև ձևավորված բարեկամության ու փոխհարաբերությունների առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Ամենայն Հայոց կաթողիկոսը գնահատանքով է խոսել նաև մշակութային և հոգևոր կրթական ծրագրերի իրականացման գործում Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև առկա սերտ համագործակցության մասին:

Իր հերթին, Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը փաստել է, որ երկու երկրների միջև կրոնական, քաղաքական և տնտեսական ոլորտներում առկա են ջերմ ու օրինակելի հարաբերություններ, որոնք տարեցտարի առավել զարգանում են: Սեյեդ Ալի Ղազի Ասգյարը գնահատանքով է նշել նաև երկրի կյանքի տարբեր ոլորտներում Իրանի հայ համայնքի ունեցած արժեքավոր դերակատարության մասին:

Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը մտահոգությամբ անդրադարձել են ներկայիս մարտահրավերներին` համաշխարհայնացման գործընթացին, հոգևոր-բարոյական արժեքների անկմանը, ընտանիքի պաշտպանվածության խնդրին, աշխարհում սկիզբ առած ծայրահեղական շարժումներին, որոնք իրենց կործանարար ազդեցությունն են թողնում ողջ մարդկության կյանքում: Ընդգծվել է, որ առանձին երկրներ և հոգևոր-կրոնական հաստատություններ միայնակ չեն կարող դիմագրավել այդ մարտահրավերներին, և կարևորվել է համատեղ ջանքերի գործադրումը` ի նպաստ տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների խաղաղ ու համերաշխ համակեցության, ինչպես նաև հանդուրժողականության և համագործակցության ոգու զորացման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG