Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ՀԱԿ նախագծին


ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ՀԱԿ նախագծին
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

Ընդդիմադիր խմբակցությունը առաջարկում էր, մասնավորապես, գազային հանձնաժողովի եզրակացությունը խորհրդարանի անունից ուղարկել Դատախազություն:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում մոտ մեկ ժամ տևած բուռն և աղմկոտ քննարկումներից հետո Հայ ազգային կոնգրես խմբակցության (ՀԱԿ) նախագիծը այդպես էլ դրական եզրակացություն չստացավ։

Փաստաթղթով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր Ազգային ժողովի անունից գազային հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել Դատախազություն, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել ուսումնասիրել գազի սակագնի նվազեցման հնարավորությունները:

Մերժում ստանալով՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց՝ այլ բան չէին սպասում․ - «Մի տարի շարունակ Վարդան Այվազյանը փաստաբանի դեր է կատարել բոլոր այն մարդկանց համար, ովքեր թանկացնելու կողմնակից են»:

Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը քննարկումների ընթացքում հայտարարեց, թե նախագծի անհրաժեշտությունը չի տեսնում, գազային հանձնաժողովի զեկույցը հրապարակված է կայքում, Դատախազությունն էլ կարող է այն ուսումնասիրել սեփական նախաձեռնությամբ: Բացի այդ, Դատախազություն կարող է դիմել ինքը՝ Արամ Մանուկյանը։

«Եթե հանկարծ մեկը տեսնում է, որ սպանություն է կատարվում, հայտարարում է, Դատախազությունը վարույթ պետք է չընդունի, եթե ԱԺ-ն որոշում ընդունեց, դրանո՞վ պիտի ընդունի», - նշեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:

Արամ Մանուկյանը հակադարձեց՝ իրենք միևնույն է Դատախազություն կուղարկեն զեկույցը, սակայն այլ բան է, երբ Ազգային ժողովն է հետամուտ լինում խնդրին:

«Տարբերությունը ընդամենը այն է, որ մեկ պատգամավորի Դատախազություն ուղարկած գործը ուրիշ քաղաքական հնչեղություն ունի, ուրիշ հնչեղություն ունի, քան Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի որոշումը: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ այն, ինչ ես կարդում եմ, հաղորդում է հանցագործության մասին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

ՀԱԿ խմբակցության քարտուղարը ափսոսանքով նկատեց՝ եթե գազային ժամանակավոր հանձնաժողովը ավելի արդյունավետ աշխատեր, հնարավոր կլիներ անցյալ օգոստոսին խուսափել գազի թանկացումից: Ավելին, եթե հանձնաժողովը ավելի խիստ լիներ, հոսանքի թանկացմանը գործը չէր հասնի։ Սակայն, ըստ Արամ Մանուկյանի, այսօրվա խորհրդարանն ի վիճակի չէ հակազդել նման զարգացումներին:

«Բիբինը և «Գազպրոմը» գնում են նման քայլերի, որովհետև սա արվում է մեր իշխանությունների հետ համատեղ։ Չի եղել որևէ բան, որ Սերժ Սարգսյանի համաձայնությունը չլինի։ Եվ դուք չեք կարող սրա դեմը առնել։ Եվ շատ էլ լավ են անում, ինչ որ անում են, որովհետև ունեն ձեր նման աջակիցներ»,- զայրացավ Մանուկյանը։

Ի պատասխան՝ Վարդան Այվազյանը Մանուկյանին հորդորեց «թարգը տալ և իրեն չափավորության մեջ պահել»։

Արդեն քննարկումներից հետո լրագրողները հանրապետական Այվազյանից փորձեցին ճշտել՝ մի՞թե խորհրդարանի կողմից զեկույցը դատախազություն ուղարկելն ավելի լուրջ չէր լինի:

«Լո՞ւրջ... հլը Դատախազությանը հարցրեք»,- ասաց նա։

Ընդդիմադիր ՀԱԿ-ը պնդում է, որ ավելի քան մեկ տարվա ուսումնասիրություններից հետո գազային ժամանակավոր հանձնաժողովը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է հայտնաբերել, որոնք Դատախազությունը պետք է քննի:

Հանձնաժողովի նիստում բոլոր փաստերը չթվարկելով՝ Արամ Մանուկյանը միայն երկու դրվագ ներկայացրեց: Նախ, ասաց, կասկածներ կան, որ «Գազպրոմը», կամայականորեն կիրառելով ճնշման գործակից կոչվածը, տարիներ շարունակ իրավաբանական անձանցից ավելի մեծ գումար է գանձում:

Երկրորդ կոռուպցիոն ռիսկը, պատգամավորի խոսքով, կապված է «Գազպրոմի» սահմանած սակագնային պլանի հետ: 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար գազը գրեթե հարյուր դոլարով էժան է։ Հարյուրավոր կազմակերպություններ օգտվում են էժան գազի հնարավորությունից, սակայն ուշագրավ է, որ շատերի դեպքում սպառումը պահանջվող 10 հազար խորանարդ մետրը աննշան է գերազանցում։ Ընդդիմադիր պատգամավորն այստեղ կոռուպցիայի վտանգ է տեսնում:

Այվազյանը հորդորեց կոնկրետ դեպքերով և անուններով խոսել։ Մանուկյանը հակադարձեց.- «Ձեզ թվում է՝ ես քննի՞չ եմ կամ ցուցմունք տվո՞ղ եմ, որ պետք է գրեմ՝ էս կառույցը...»։

XS
SM
MD
LG