Մատչելիության հղումներ

Վաշինգտոնին մտահոգել է Էրդողանի հայտարարությունը


ԱՄՆ - Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ, արխիվ

ԱՄՆ - Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ, արխիվ

ԱՄՆ-ը միանշանակ քննադատում է Թուրքիայի նախագահի՝ հայերի, լրագրողների և սեռական փոքրամասնությունների հասցեին հնչեցրած մեղադրանքները:

Միացյալ Նահանգներին մտահոգում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, թե հայերը, լրագրողներն ու սեռական փոքրամասնությունները խռովության գործակալներն են: Այս մասին հայտնեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Մարի Հարֆը:

«Միացյալ Նահանգներն աջակցում է ազատ արտահայտվելու իրավունքի պահպանմանը, և մենք մտահոգված ենք Թուրքիայում ազատ արտահայտվելու իրավունքին իշխանությունների միջամտության դեպքերով», - ասաց Հարֆը:

Դիվանագետն ընդգծեց, որ իրենք միանշանակ քննադատում են Էրդողանի կողմից հայերի, լրագրողների և սեռական փոքրամասնությունների հասցեին հնչեցված մեղադրանքները:

«Անկախ լրատվամիջոցները ցանկացած ժողովրդավար հասարակության պարտադիր մասն են, և որպես Թուրքիայի դաշնակից՝ մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել ժողովրդավարական չափանիշների կիրառումը», - հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատարը:

Թուրքիայի նախընտրական պայքարն Էրզրումում առանձնացավ բախումներով ծայրահեղ ազգայնականների և ոստիկանության միջև, քանի որ ոստիկանները կանխեցին ազգայնականների հարձակումը քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմնակիցների վրա:

Մինչ Էրզրումում ոստիկանությունը սաստում էր ծայրահեղ ազգայնականներին, Ստամբուլում Թուրքիայի նախագահը և ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փորձում էին պարզել՝ արդյոք Էրդողանը ունի՞ ոսկե զուգարան, թե՞՝ ոչ:

Մեղադրանքից զայրացած Թուրքիայի նախագահը պահանջեց մրցակցից ապացուցել մեղադրանքի ճշմարտացիությունը. - «Ես նրան բազմիցս եմ ասել՝ արի ու տես, թե արդյոք նախագահական պալատում ոսկեջրած զուգարան կա՞: Ու եթե կա, ես անմիջապես հրաժարական կտամ: Բայց եթե չես կարող դրա առկայությունն ապացուցել, մի՛ հորինիր»:

Հանրապետա-ժողովրդական կուսակցության առաջնորդին, սակայն, նման կոչը չկաշկանդեց, ավելին՝ Քըլըչդարօղլուն ի պատասխան ծաղրեց Էրդողանին. - «Նա ասում է, թե ոսկեջրած զուգարան չունի: Ընկե՛ր, ի՞նչ ոսկեզօծ, դու մաքո՛ւր ոսկուց զուգարանի ես արժանի»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG