Մատչելիության հղումներ

Թեև իշխանությունները պնդում են, թե նպատակն անվտանգության ապահովումն է, այլոց կարծիքով՝ իրական նպատակը Պուտինին ընդդիմադիր ազդեցիկ ձայների ոչնչացումն է:

Ռուսաստանի օրենսդիրները նախատեսում են սահմանափակել ինտերնետի ազատությունը երկրում՝ ընդունելով օրենքներ, որոնք որոնման համակարգերին պատասխանատու կդարձնեն որոնման արդյունքներում ներկայացված էջերի բովանդակության համար: Այսպես, եթե Google-ը կամ ռուսական Yandex-ը որոնման արդյունքում Ռուսաստանի տարածքում արգելված էջ պարունակեն, այդ համակարգերը կարող են դրա համար պատասխանատվություն կրել:

Նախկինում Ռուսաստանի սենատոր, իսկ ներկայումս Չելյաբինսկի փոխնահանգապետ Ռուսլան Գատարովը պնդում է, որ օրինագծի նպատակը ազատությունների սահմանափակումը չէ: «Մենք պայքարում ենք ծայրահեղականության, մանկապղծության կամ թմրանյութ վաճառողների դեմ և նրանց դեմ, ովքեր պատրաստ են մեր երեխաներին բացատրել, թե ինչպես ինքնասպանություն գործել», - ասում է նա:

Ընդդիմադիր որոշ գործիչներ, սակայն, մատնանշում են, որ օրենսդիրների կողմից ծայրահեղական համարվող բովանդակությունը բավականին վիճելի է: Այսպես, 2012-ին ընդդիմադիր ցույցերի մասին իրազեկումը կատարվում էր նաև ինտերնետային էջերի միջոցով:

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կարծիքով՝ օրենքների խստացումը պայմանավորված է առաջիկա ընտրություններով: «Կրեմլի համար չափազանց կարևոր է վերացնել ցանկացած ոչ կառավարական կազմակերպություն, որը կարող է ֆինանսավորել կամ նույնիսկ կազմակերպել մարդկանց, ինտելեկտուալ կենտրոն դառնալ: Պուտինը ցանկանում է վերացնել ցանկացած կազմակերպված կառույց», - ասում է Նավալնին:

Եթե Ռուսաստանի իշխանությունները պնդում են, թե ինտերների սահմանափակումների նպատակն անվտանգության ապահովումն է, որոշ մասնագետների կարծիքով՝ դրա իրական նպատակը նախագահ Պուտինին ընդդիմադիր բոլոր ազդեցիկ ձայների ոչնչացումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG