Մատչելիության հղումներ

Չնայած այն հանգամանքին, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը նկատելի տարածքներ է գրավել Իրաքում ու Սիրիայում, մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքում կկործանվի և՛ իսլամիստական այս խմբավորումը, և՛ դրա հռչակած այսպես կոչված խալիֆայությունը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը վերջերս հրապարակեց տվյալներ, ըստ որոնց՝ անցած 9 ամիսներին իրականացված օդային գրոհների արդյունքում «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 1Օ հազար զինյալ է սպանվել։ Փոխպետքարտուղար Թոնի Բլինքենն այդ մասին հայտարարեց փարիզյան համաժողովում։

«Բացի զինյալների մեծ կորուստներից, «Իսլամական պետություն» խմբավորումն այսօր 25 տոկոսով ավելի փոքր տարածքների է տիրապետում Իրաքում, քան այն ժամանակ, երբ սկսեց իր ռազմական գործողությունները», - ասաց Բլինքենը:

10 հազարի կորուստը կազմում է այս խմբավորման 30-45 տոկոսը։ Սակայն հիշենք, որ չնայած այս կորուստներին՝ իսլամիստները գտնում են իրենց համար հաջողության հասնելու ուղիներ․ դրա ապացույցն են Իրաքում Ռամադին և Սիրիայում Պալմիրան։

Ինչպես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆն է ասել, «ուրեմն՝ մարդկային կորուստներով չէ, որ պետք է գնահատել իսլամիստների դեմ պայքարի հաջողությունը»։

Իսկ թե ինչպես է ԱՄՆ-ը գնահատում թշնամու կարողությունները՝ շատերին է մտահոգում։

«Ամերիկայի Ձայն»-ին Skype-ով տված հարցազրույցի ժամանակ վերլուծաբան Բիլ Ռոգիոն նույնպես դժգոհություն արտահայտեց։ «Ամերիկան մեծապես թերագնահատում է և՛ «Իսլամական պետություն» խմբավորման թվային կազմը, և՛ խմբավորման ռազմավարական կարողությունները», - ասաց նա։

Խմբավորման կազմը, շատերի հաշվարկով, կարող է հասնել 5Օ հազարի ու դեռ ավելանալ։

Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Մայքըլ Օ’Հենլոնի խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորումն ամեն ամիս համալրվում է հազար նոր զինյալներով, որոնք այստեղ են գալիս աշխարհի հարյուր տարբեր երկրներից։

Իսկ ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին ԱՄՆ-ի հետախուզության պաշտոնատար անձինք են ասել, չնայած զոհերի պատճառով այս խմբավորման թվային կազմի նվազեցմանը՝ այն շարունակում է մնալ կարող ուժ։ Օրինակ է Հասաքե քաղաքը, որն այսօր հայտնվել է այս խմբավորման նոր նշանառության ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG