Մատչելիության հղումներ

Բեռլինում մեծ ֆուտբոլ է սկսվում


Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչ հանդիպման գնդակը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի ֆոնին

Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչ հանդիպման գնդակը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի ֆոնին

Այսօր Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպում են աշխարհի և «Յուվենտուս»- «Բարսելոնա» միացյալ թիմի աստղերը։ Վաղը Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն է, այսօրվա խաղը բարեգործական է, մասնակիցները՝ վետերաններն են։

«Աշխարհի աստղերի» կազմում կլինեն Ենս Լեմանը, Կաֆուն, Յուրի Ջորկաեֆը, Պրեդրագ Միյատովիչը, Կլարենս Զեեդորգը, Սթիվ ՄըքՄանամանը, Մարկո Մատերացին։

«Յուվե-Բարսա» միացյալ թիմը կներկայացնեն Էդվին վան դեր Սաարը, Ալեսանդրո դել Պիերոն, Ֆաբիո Կանավարոն, Դավիդ Տրեզեգեն, Մարկ վան Բոմելը, Ջանլուկա Զամբրոտան, Էրիկ Աբիդալը և այլ աստղեր։ «Յուվե-Բարսա» միացյալ թիմի մարզիչը բրազիլացի Զիկոն է, իսկ «Աշխարհի աստղերի» խաղը ղեկավարում են Ռուուդ Գուլիտը և Պետեր Շմեյխելը։

Այս հետաքրքիր հանդիպումից առաջ տեղի կունենա «Բլյու Ման Գրուփ» խմբի շոուն։ Խաղն ու համերգը կանցնեն Բրանդենբուրգյան դարպասի մոտ գտնվող Մարտի 18-ի հրապարակում։

Իսկ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենաբաղձալի մրցանակը` ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճողը հայտնի կդառնա շաբաթ օրը` հունիսի 6-ին։

«Յուվենտուս»-ը 7 անգամ է դուրս եկել եզրափակիչ, իսկ գավաթը վաստակել է երկու անգամ` 1985-ին և 1996-ին։

«Բարսելոնա»-ի նվաճումները, իհարկե, ավելի տպավորիչ են․ կատալոնական ակումբն էլ 7 անգամ է դուրս եկել եզրափակիչ, բայց 4 անգամ է հաղթել, ընդ որում, առավել արդյունավետ է խաղացել 21-րդ դարում։ Եթե «Յուվե»-ն վերջին անգամ եզրափակիչում 2003-ին պարտվել է, ապա «Բարսա»-ն հաղթել է 2006-ին, 2009-ին և 2011-ին։

Կատալոնացիների կազմում արդի ֆուտբոլի ամենահզոր հարձակվող եռյակն է` Մեսի, Սուարես, Նեյմար։ Բայց իտալացիներն էլ ունեն հզոր պաշտպանների եռյակ` Բոնուչի, Բարցալյի և Կիելինի, ճիշտ է՝ վերջինս վնասվածք է ստացել և հավանաբար չի խաղա։ Թուրինի թիմում են նաև փայլուն դարպասապահ Բուֆոնը և փորձառու գերաստղ Պիրլոն։

Բեռլինյան եզրափակիչում ֆուտբոլասերները բարդ հոգեբանական առճակատման ականատես կլինեն. «Բարսա»-ի հարձակվող Սուարեսը պայքարելու է Էվրայի հետ, որին վիրավորել է դեռ անգլիական լիգայում և պատժվել։ Իսկ Կիելինին անցյալ տարվա աշխարհի առաջնությունում տուժել է «կծան ուրուգվայցու» ատամներից, ինչի համար Սուարեսին շատ խիստ էին պատժել։

Ինքը Կիելինին հրապարակավ ասել է, որ ներել է Սուարեսին, և նրան հաջողություն է մաղթել։ «Եթե Կիելինին դուրս գա դաշտ, ես անպայման նրա ձեռքը կսեղմեմ», - ասել է ուրուգվայցին։

Վերլուծաբանների մեծ մասը նախապատվությունը տալիս է կատալոնացիներին, սակայն ֆուտբոլն իր էությամբ շատ անկանխատեսելի է, մեկնաբաններն էլ, երկրպագուներն էլ գիտեն` խուլ պաշտպանություն մտած և սուր հակագրոհների վրա խաղը կառուցող իտալացիներին չափազանց դժվար է հաղթել։

Ի դեպ, Պիրլոն և Բուֆոնը 2006 թվականին Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն են դարձել հենց Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։

Բեռլինը Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալող չորրորդ գերմանական քաղաքն է, մինչ այդ եզրափակիչներ են տեղի ունեցել չորս անգամ Մյունխենում, մեկ անգամ Գելզենկիրխենում և երկու անգամ Շտուտգարտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG