Մատչելիության հղումներ

Երեխայի մահվան պատճառ դարձած վերելակը փորձաքննություն չի անցել, քանի որ պատկանում է անհատի


Աջափնյակ համայնքի սեփական տներից մեկում այսօր ողբերգական պատահարի հետևանքով 5-ամյա երեխա է զոհվել: Մահվան պատճառ է դարձել վերելակը, որը գործել է առանց դռների:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, նախնական վարկածի համաձայն՝ վերելակն արգելափակվել է երկրորդ և երրորդ հարկերի մեջտեղում, երեխայի գլուխը հայտնվել է կոնստրուկցիաների արանքում: Նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը «Ազատությանը» հայտնեց, որ 5-ամյա աղջկան վերելակից հանելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։

«Թե ինչ հանգամանքներում է վրա հասել երեխայի մահը կամ ինչ հանգամանքներում է երեխայի գլուխը մնացել կոնստրուկցիաների արանքում, չեմ կարող ասել»,- նշեց Հովհաննիսյանը։

Երեխան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Վերելակի անսարքությունը, թե այլ հանգամանք է դարձել երեխայի մահվան պատճառ, կպարզի միայն փորձագիտական եզրակացությունը: Մոտ երկու ամիս առաջ վերելակի անսարքության պատճառով Երևանում նաև երիտասարդ կին էր մահացել: Նախարարությունից էլ «Ազատությանը» հայտնել էին, որ մայրաքաղաքում գործող 5213 վերելակների մոտ կեսը պարտադիր ստուգում չի անցել, ստուգվածներից 109-ին տրվել է բացասական եզրակացություն, շուրջ 1500-ի մոտ էլ թերություն է հայտնաբերվել: Ընդ որում, ամիսներ առաջ նախարարությունը նշել էր՝ չի կարող երաշխավորել, որ այդ թերությունները շտկվել են:

Այսօր երեխայի մահվան պատճառ դարձած վերելակի ստուգման մասին ընդհանրապես խոսք չկա: Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի համաձայն՝ մասնավոր տարածքներում տեղադրված վերելակները հաշվառված չեն, դրանք արտադրական վտանգավոր օբյեկտներ չեն համարվում, ուստի չեն էլ ենթարկվում տեխնիկական փորձաքննության:

Նախարարության գլխավոր փորձագետից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս պետք է սեփականատերը իմանա՝ արդյոք վերելակ տեղադրվելիս տեխնիկական բոլոր նորմերը պահպանվել են, թե՝ ոչ։

«Եթե սեփականատեր ես, եթե հնարավորություն ունես, ինքդ պետք է հետևես այդ վերելակի անխափան աշխատանքին և անվտանգ շահագործմանը։ Տեխզննում չի կարող անցնել, որովհետև արտադրական վտանգավոր օբյեկտ չէ, բայց ամեն դեպքում, եթե ինչ-որ խափանում լինի, իրենք հաստատ մասնագետների հրավիրած կլինեն, կամ այդ նույն մասնագետները, որոնք տեղադրել են վերելակը, տեխնիկական սպասարկում իրականացրած կլինեն, կարծում եմ»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը։

Նախարարությունում չգիտեն, թե որ ընկերությունն է այս ընտանիքի տանը վերելակ տեղադրել: Սա մասնավոր տեղեկություն է, և միայն ընտանիքի անդամները կարող են ասել:

Մենք այցելեցինք դեպքի վայր, սակայն թե՛ բարեկամները, թե՛ հարևանները ի վիճակի չէին խոսել: ՏԿԱԻՆ-ից, այդուհանդերձ, վստահեցնում են՝ առանց լիցենզավորման ոչ մի ընկերություն վերելակ չի կարող տեղադրել:

«Դա լիցենզավորված գործընթաց է, այդ լիցենզիան տրամադրում է Էներգետիկայի նախարարությունը։ Թե ինչ վերելակ է տեղադրվել, երբ, ում կողմից, ինչ անվտանգության հանգույցներով կահավորված կամ չկահավորված, տեղյակ չեմ։ Օրենքը այս մասով ոչինչ չի ասում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ուշագրավ է, սակայն, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից մեզ հայտնեցին, որ վերելակների լիցենզավորման որևէ գործառույթ չունեն։

Օրվա ընթացքում տարբեր գերատեսչությունների հետ զրույցներում մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել՝ ի վերջո ո՞վ է լիցենզավորման իրավունք տալիս, և եթե ոչ ՏԿԱԻՆ-ին, ապա ո՞ւմ պետք է դիմի մասնավոր վերելակի տերը՝ հասկանալու՝ արդյո՞ք իր սեփական տան վերելակը ապահով է:

Դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» հայտնեց, որ դեպքի վայրում որոշ ժամանակով հետաձգվել է զննությունը՝ հաշվի առնելով ընտանիքի հոգեվիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG