Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցելու տնտեսական օգուտները դեռ չեն երևում


Գործարարների պնդմամբ՝ արդեն մոտ կես տարի Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Հայաստանի տնտեսությունը առայժմ էական ձեռքբերումներ չի ունեցել։

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է չստանալ ԵՏՄ ընդհանուր մաքսային տուրքերից ակնկալվող 200-250 միլիոն դոլար չափաբաժինը՝ Ռուսաստանի տնտեսական խնդիրների պատճառով։

«Հնարավոր է պակասի, և ինքը նվազեցման միտումներ ունի: Բնական է, չի էլ կարող ավելանալ, որովհետև տեսնում եք Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները, տնտեսական ցուցիչների վատթարացման տենդենցը: Իսկ այդ դեպքում չեն կարող մաքսավճարները ավելանան», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Գործարարների պնդմամբ՝ արդեն մոտ կես տարի Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Հայաստանի տնտեսությունը առայժմ էական ձեռքբերումներ չի ունեցել։

«Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողների համար ոչինչ չի փոխվել, մաքսակետերին աշխատում են նույն ձևով, ավելին՝ Ռուսաստանի սահմանին այժմ շատ ավելի խիստ են, իսկ արտահանման համար անհրաժեշտ տասնյակ փաստաթղթերից պակասել է միայն մեկը», - ասաց Արտահանողների միության նախագահ, գործարար Րաֆֆի Մխջյանը։ - «Քանի որ մենք ԵՏՄ տարածքի հետ ընդհանուր սահմաններ չունենք և պետք է անցնենք Վրաստանի սահմանով, մենք պարտավոր ենք այդ բոլոր պրոցեդուրան անցնել, ինչպես որ սովորական արտահանում ենք անում»:

Նախկինում պահանջվող փաստաթղթերը պահպանվել են: Ավելին, Վրաստան հասնելուն պես արտահանողները պարտավոր են նաև 201 լարի (ավելի քան 40 հազար դրամ) վճարել տարանցման համար։

«Իսկ մեքենան երբ որ հասնում է Լարս՝ ռուսական, այսինքն ԵՏՄ սահման, մենք իսկական մի հատ դժոխքի ենք հանդիպում, դռնից դուռ են գցում վարորդին․․․ Եվ մեր մեքենան, որը ընդամենը 700 կիլո բեռ ուներ, 5-6 ժամ ժամանակ է անցկացրել Լարսի սահմանակետում», - պատմեց Մխջյանը:

Նա պնդում է, որ չնայած ինքը՝ որպես Արտահանողների միության նախագահ, շատ լավ գիտի պահանջվող թղթերի ցանկն ու ծանոթ է կոռուպցիոն ռիսկերին, միևնույն է, ամեն անգամ քաշքշուկների միջով է անցնում ԵՏՄ տարածք՝ Ռուսաստան սուրճ արտահանելիս: Եվ սա այն դեպքում, որ պաշտոնյաները հավաստիացնում են, թե անդամակցությունից հետո Ռուսաստանը ոչ թե արտասահման է, այլ ընդհանուր մաքսային տարածք։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հայ նախարար Արա Նռանյանը, մինչդեռ, պնդում է, որ արդեն մի շարք նոր հնարավորություններ են բացվել, որոնցից գործարարները պետք է կարողանան օգտվել․ - «Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն են իրականում պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը: Եվ հաճախ իրենք գնահատական են տալիս ԵՏՄ-ին, Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրին կամ այլ ինտեգրացիոն միավորումներին, ավելի շատ գործում են էմոցիոնալ դաշտում, և ավելի շատ կողմնորոշվում են քաղաքակրթական կամ քաղաքական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ինչը հասկանալի է»:

Մայիսին Հայաստան ժամանած ԵՏՄ խորհրդի նախարարները հայտնեցին, որ այժմ ուսումնասիրում են այդ դաշինքում Հայաստանի դերն ու հայ գործարարների հնարավորությունները։

Տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը, սակայն, հակադարձում է՝ մինչև անդամակցելն էր հարկավոր վերլուծություններ անել․ - «Հնարավորությունները միշտ կարելի է ինչ-որ տեղ գտնել: Ասենք, Մոզամբիկի հետ էլ պայմանագիր կնքելիս կարելի է ինչ-որ նորություն գտնել․․․ Անդամակցությունը, ասում էին՝ տեսեք, հիմա հնարավորություններ են բացվելու: Բայց հնարավորություններ մարդիկ վերլուծություններ կարդալով չէ, որ տեսնում են: Ամեն մարդ իր մաշկի վրա է զգում»:

Թունյանը մինչև օրս որևէ գործարարի չի հանդիպել, ով վերջին 6 ամիսներին նկատել է, թե Ռուսաստանի հետ առևտրով զբաղվելու պայմանները բարելավվել են, սահմաններն էլ՝ աննկատելի դարձել։

Ավելին, վիճակագրությունը վկայում է, որ 170 միլիոնանոց շուկա ունեցող նոր միությունից Հայաստանը դեռ տնտեսական օգուտներ չի քաղել։ Ռուսական ուղղակի ներդրումները ավելի քան 60 տոկոսով կրճատվել են, նվազել է նաև ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև․ - «Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանումը մոտավորապես 40 անգամ նվազել է: Ներմուծումը՝ մի քիչ ավելի քիչ, բայց էլի աստղաբաշխական թվերի մասին է խոսքը»:

Ընդ որում, ուշագրավ է, որ այս մտահոգիչ թվերը հրապարակելով հանդերձ՝ վիճակագրական ծառայությունը շտապում է ավելացնել, որ ցուցանիշները ամբողջական չեն։

XS
SM
MD
LG