Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյան պատմել է կաշառք վերցնելու փաստերի մասին


ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյան պատմել է կաշառք վերցնելու փաստերի մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00

ՖԻՖԱ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոստովանությունը է՛լ ավելի է սրում կազմակերպության շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը։

Չեք Բլեյզերը, ով շուրջ երկու տասնամյակ համարվում էր ՖԻՖԱ-ի երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան, պատմել է իր և գործընկերների կողմից կաշառք վերցնելու փաստերի մասին։

ՖԻՖԱ-ի աշխատակիցների հանդեպ Միացյալ Նահանգների իրավապահների կողմից անցկացվող հետաքննության առանցքային դեմքը՝ Բլեյզերը, երկու տարի առաջ ամերիկյան դատարանում պատմել է, որ ինքն ու ՖԻՖԱ-ի ղեկավար կազմի այլ անդամներ համաձայնել են կաշառք վերցրել՝ 1998 ու 2010 թվականներին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրերն ընտրելու համար։ Այդ է վկայում դատական լսումների սղագրությունը, որն առաջին անգամ երեկ է հրապարակվել:

Բլեյզերը նյույորքյան դատարանին պատմել էր նաև, որ իր ղեկավարած կառույցը՝ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն, 1998-2003թթ. ընթացքում կաշառք է վերցրել նաև հեռուստատեսությամբ տարբեր ֆուտբոլային խաղեր ցուցադրելու իրավունք տրամադրելու համար։ 2013 թվականին Բլեյզերը ընդունել է իր մեղքը՝ խոստովանելով, որ 2010 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար կաշառք է վերցրել։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Լորետա Լինչը հայտարարել էր, թե ՖԻՖԱ-ի նախագահի նախկին տեղակալ Ջեք Ուորները Հարավ-Աֆրիկյան Հանրապետության կառավարությունից 10 միլիոն դոլար կաշառք է վերցրել։ Ուորները, ում նկատմամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել, հերքել է իրեն վերագրվող մեղադրանքը և պնդել, որ ինքն անմեղ է։

Կաշառքի մասին պնդումները կտրականապես հերքում է նաև Հարավ-Աֆրիկյան Հանրապետության սպորտի նախարար Ֆիկիլե Մբալուլան, ով այդ մասին նախօրեին հայտարարել է Յոհանեսբուրգում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին հնչող հայտարարությունների ֆոնին երեկ հայտնի դարձավ նրա հրաժարականի մասին։ Այդ հայտարարությունից ժամեր անց Ինտերպոլը ՖԻՖԱ-ի բարձրաստիճան ևս մի քանի պաշտոնյաների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց:

ՖԻՖԱ-ի հետ կապ ունեցող վեց անձինք Ինտերպոլի կայքում ամենափնտրվող հանցագործների կողքին են։ Նրանք բոլորը հետախուզվում են ԱՄՆ-ի իշխանությունների կողմից: Ինտերպոլը, ԱՄՆ-ի դիմումի համաձայն, նրանց ձերբակալության համար «կարմիր օրդեր» է տվել։ Վեց հոգուց երկուսը կազմակերպության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Ջեք Ուորները և Նիկոլաս Լեոսը։ Հետախուզվողներից չորսը լատինամերիկացի պաշտոնյաներ և բիզնեսմեններ են, ովքեր կապված են եղել տարածաշրջանային կոնֆեդերացիաների հետ բազմաթիվ մրցաշարերի կազմակերպման ժամանակ: Նրանցից երեքը արգենտինացիներ են, մեկը՝ բրազիլացի:

XS
SM
MD
LG