Մատչելիության հղումներ

Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


Գոհար Ենոքյան, արխիվ

Գոհար Ենոքյան, արխիվ

Փաստաբանը փոխանցեց, որ որոշվել է հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության անդամ Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, «Ազատության»-ը փոխանցեց Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։

«Բողոք էինք ներկայացրել Գլխավոր դատախազություն, քննարկման արդյունքում որոշվել է հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, Ենոքյանը ձերբակալվեց մայիսի 4-ին, երեք օր անց նրան մեղադրանք առաջադրվեց. նախկին պատգամավորը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ի շարքերը վերջերս լքած Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեջ: Դատախազի որոշմամբ՝ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

Փաստաբանն այսօր նշեց, որ առաջադրված մեղադրանքը հաստատելու առումով բավարար ապացույցներ չկային։ «Եղած ապացույցները խոսում են այն մասին, որ չկա արարք, չկա հանցակազմ, հետևաբար պետք է այս դրսևորումը լիներ։ Ի սկզբանե, երբ որ ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին, երբ որ մենք մեր բողոքներով, ելույթներով վստահաբար ասում էինք, որ չկա հանցակազմ, չկա ապացույց, հիմա սա մեր ասածի ապացույցն էր, որ իրականում մենք ճիշտ էինք, որ մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցների համակցություն չկար», - ասաց Հոկաբյանը։

Դիտարկմանը, թե մեղադրանք առաջադրած դատախազի որոշմամբ, Ենոքյանը երեք օր անցկացրեց կալանավայրում, և հարցին, թե բարձրացնելո՞ւ են տվյալ դատախազին պատասխանատվության ենթարկելու հարցը, Հակոբյանը պատասխանեց. - «Բնականաբար կքննարկենք, եթե ցանկություն ունենա»։

Նշենք, որ Գոհար Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2014 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում, որում որպես մեղադրյալ ներգրավված է և կալանքի տակ է գտնվում Ենոքյանի եղբորորդին՝ Արայիկ Ենոքյանը:

Հակոբյանն ասաց, որ Արայիկ Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դեռևս շարունակվում է։ «Մայիսի 29-ին Արայիկ Ենոքյանի մասով նոր միջնորդություն ենք ներկայացրել նախաքննական մարմնին, որպեսզի դադարեցվի հետապնդումը Արայիկ Ենոքյանի նկատմամբ, և այդ մասով դեռևս պատասխան չունենք», - ասաց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG