Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի վեճը «գաղափարների շուրջ էր»


Միմյանց մարտահրավեր նետելուց և անգամ չարիք անվանելուց ամիսներ անց՝ այս շաբաթասկզբին նախագահ Սերժ Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին կողք-կողքի կանգնեցին ու միասին մասնակցեցին «Հայաստան» կինոթատրոնի բացմանը։

Այս տեսարանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համար տարօրինակ չէր։ Ասաց, որ փետրվարյան վեճը գաղափարական դաշտում էր։

«Քաղաքական դաշտում ամեն ինչ հնարավոր է, որ լինի, որովհետև էդտեղ վեճը գնում է սկզբունքների, գաղափարների շուրջ։ Կարծում եմ, որ էստեղ պիտի տարբերակվեն մեր սովորական կենցաղն ու քաղաքական պրոցեսները»,- ասաց Սահակյանը։

Փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի նիստի ժամանակ խոսել էր Ծառուկյանի մտավոր կարողություններից, հիշատակել նրա մականունը։ Ծառուկյանն էլ ի պատասխան հայտարարել էր, որ ազատելու է Հայաստանը չարիքի իշխանությունից և գողացված միլիարդավոր դոլարները վերադարձնելու է բյուջե։

Փոխադարձ այս մեղադրանքներից չորս ամիս անց՝ այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պնդում է, որ մարդկային տեսանկյունից Ծառուկյանի հետ հարաբերությունները երբեք չեն փոխվել։ Նրա կարծիքով, ընդդիմադիր մյուս ուժերը հրահրում էին ԲՀԿ առաջնորդին և ցանկանում օգտվել գործընթացից։

«Ազատության» հարցին, թե արդյոք Ծառուկյանը զղջացե՞լ է Սարգսյանի հասցեին արած կոշտ հայտարարությունների համար, պատասխանեց. - «Քաղաքականության մեջ ներողություն չեն խնդրում։ Կամ զգում են պահը, առաջ են գնում, կամ կանգնում են»։

Գալուստ Սահակյանի խոսքով, այդ օրերին հնչող կոշտ բառապաշարը միտումնավոր էր ընտրվել՝ իրադարձությունները նաև հասարակությանը հասկանալի դարձնելու համար.- «Հանրապետականի համար որևէ մեկը չարիք չի կարող լինել»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG