Մատչելիության հղումներ

Ազգային փոքրամասնությունները ուղերձով դիմել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին


Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնում են ուղերձը: 4-ը հունիսի, 2015 թ․

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնում են ուղերձը: 4-ը հունիսի, 2015 թ․

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն այսօր ուղերձ հանձնեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին՝ կոչ անելով բարձրաձայնել և դատապարտել Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը:

«Համակված պատասխանատվության զգացումով, մենք՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներքոստորագրյալ ղեկավարներս, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին միանալով աշխարհի առաջադեմ մարդկության հանրահռչակած արժեքներին, խստորեն դատապարտում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ․ հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը և պահանջում արդարության հաստատում ու Թուրքիայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների վերահաստատում», - ասված է ուղերձում:

Ուղերձը հանձնելուց առաջ Հայաստանի ազգային փոքրամասնություններից հրեական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները հանդես եկան մամլո ասուլիսով: Նրանք շեշտեցին՝ որպես ցեղասպանության հետևանքներ տեսած, ժխտողականության ծանր արդյունքները գիտակցող ազգերի ներկայացուցիչներ են այս ուղերձը հղում ՄԱԿ-ի անդամ պետությունների դեսպաններին, քանի որ «ժխտողականության հանդուրժման և աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների հետևանքով է, որ խրախուսվում են և տարիներ անց կրկնվում մարդկության դեմ նորանոր հանցագործություններ, իսկ Թուրքիայի Հանրապետությունում շարունակվում են պարբերաբար խախտվել մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:

Բանախոսներն անդրադարձան նաև մեր օրերում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հանցագործություններին, որոնց արդեն զոհ են գնացել հազարավոր մարդիկ:

Ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը նշեց, որ այն, ինչ տեղի էր ունենում 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի, ասորիների, հույների նկատմամբ, այսօր «շատ հանգիստ շարունակվում է Իրաքում, Սիրիայում»:

Հրեական համայնքի ներկայացուցիչ, հրեական «Մագեն Դավիթ» թերթի խմբագիր Ադելինա Լիֆշիցն էլ համոզված է, որ Հոլոքոստի 6 մլն զոհերը գուցե չլինեին, եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպաության 100-րդ տարելիցը յուրահատուկ հանգրվան է՝ վերհիշելու առաջադեմ մարդկության դավանած համամարդկային արժեքները և դրանք վերադասելու աշխարհաքաղաքական շահերի՝ դրանով իսկ կանխելով ցեղասպանական ոճրագործությունները: Հանուն մեր սերունդների անվտանգ ապագայի՝ միացեք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոչին՝ հիշում եմ և պահանջում․․․», - իրենց ուղերձը եզրափակում են Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների համայնքները:

XS
SM
MD
LG