Մատչելիության հղումներ

Ակտիվիստները իրենց գործունեությամբ հետաքրքրվող այցելուներ են ունենում


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բազմամարդ ցույցի մասնակիցները բարձրաձայնում են, որ բողոքի ակցիայից հետո ինչ-որ մարդիկ այցելում են իրենց տներ՝ հետաքրքրվելով, թե որտեղ են աշխատում, ինչով են զբաղվում ընտանիքի անդամները:

Գյումրեցի Արա Կարագյոզյանը հարևաններից է իմացել, որ «նախարարության աշխատակից» ներկայացած մեկը հարցուփորձ է արել իր մասին։

«Միայն հարևաններին ասել են, որ իրենք նախարարությունից են, բայց կոնկրետ որ նախարարությունից, չգիտեն։ Հարևաններին են հարցրել՝ ինչով եմ զբաղվում, մեր ընտանիքից են հետաքրքրվել և հեռացել են։ Կարծում եմ, որ քաղաքացիական իմ պայքարի հետևանքներն են։ Վախի մթնոլորտ են ուզում ստեղծել, բայց մենք Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքն ենք իրականացնում, ոչ մի անօրինական գործողություն չենք իրականացրել։ Մեր բողոքի ձայնն ենք բարձրացրել»,- ասաց ակտիվիստը։

«Ոչ թալանին» նախաձեռնության մեկ այլ անդամ Ռիմա Սարգսյանը տանն է եղել, երբ այցելել է համայնքի սոցիալական աշխատողը։

«Հետաքրքրվում էր աշխատանքի վայրից, ստաժից, ընթացքում նաև ավելի շատ անձնական ծագումնաբանությունն էր ուսումնասիրում՝ բարեկամներ, նախկին աշխատանք, դժվար է, հեշտ է... Եթե նպատակ կար ինֆորմացիա հավաքելու, որևէ խնդիր չկա, բաց է, թաքցնելու ոչինչ չկա։ Ուղղակի խնդիրն այն է, որ նման դեպքերը կատարվում են հենց քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ՝ միաժամանակ և այն ժամանակահատվածում, երբ ակտիվանում են այդ նախաձեռնությունները»,- ասաց Սարգսյանը։

Երիտասարդները պնդում են, որ իրենց վախեցնելու այս փորձերն անօգուտ են։ Նախորդ շաբաթվա բողոքի բազմամարդ ակցիայից հետո մտադիր են ավելի հուժկու ցույցով փողոց դուրս գալ հունիսի 19-ին:

«Այս կերպ վախեցնելը կամ զգոնության նշան տալը մեզ համար էական չէ, մենք մեր գործը սկսել ենք և շարունակելու ենք նույն տեմպով»,- ասաց Սարգսյանը։

Մինչ այդ շարունակվում են ամենօրյա իրազեկման ակցիաները, թանկացման հիմնական հասցեատերերը, որ ամեն ամիս ստիպված են լինելու շատ գումար մուծել, ասում են՝ հույսը կապում են երիտասարդների բարձրացրած դժգոհության ալիքի հետ։

«Մարդիկ չեն կարողանում հացի փող հայթայթել, որտեղի՞ց կարողանան դա վճարել։ ՀԷՑ-ի ղեկավարության մեղքն է, էդ ոնց է դրսում ինքը նույն հոսանքը ավելի էժան է վաճառում, բայց տեղի քաղաքացուն ավելի թանկ է տալիս»,- ասաց մի երևանցի տղամարդ։

«ՀԷՑ-ի մեղքն է, նրանք պիտի իրենց բացերը փակեն։ Չեմ պատրաստվում թանկացմանը, հույս ունեմ, որ կառավարությունը մի ելք կգտնի այս վիճակից»,- ասաց մեկ ուրիշը։

XS
SM
MD
LG