Մատչելիության հղումներ

logo-print

Սահակյանը կարծում է՝ հասարակությունը պետք է գնահատի հոսանքի թանկացման «ճշմարտությունը»


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է։ Թե ինչքան, ասաց՝ չգիտի, քննարկման հարց է, բայց վստահ է՝ օրինակ, թանկարժեք մեքենաների վարձավճարները հայտում չեն ներառվի։

«Մասնագետների կարծիքն եմ ասում, որովհետև խնդիրներ կան, որ պիտի թանկանա, բայց թե ինչքան կթանկանա, այս պահին հանձնաժողովը չի կարող ասել»,- ասաց Սահակյանը։

Այս հայտարարությունից օրեր առաջ Հանրապետականը փակ դռների ետևում շուրջ չորս ժամանոց հանդիպում անցկացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) տնօրեն Եվգենի Բիբինի հետ։ Թեև ՀԷՑ-ի տնօրենի հետ չի զրուցել, բայց քննարկման մանրամասներին տեղյակ է։ Ասաց, որ այն լարված մթնոլորտում չի անցել։

ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը ներկայացրել է թանկացման հայտը, հետո, ըստ ԱԺ նախագահի, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը փորձել են հանրապետական պատգամավորների համար հայտը «հասկանալի» դարձնել։

Եվգենի Բիբինը խոսել է նաև մամուլում աղմուկ հանած ՀԷՑ-ի մի շարք ծախսերի մասին։ Սահակյանը չասաց, թե ինչ է ասել Բիբինը, ասաց՝ թողնում է, որ պատգամավորները եզրակացություններ անեն, իսկ քննարկումները շարունակվելու են։

«Դուք մի մտածեք, որ Կառավարությունը՝ Էներգետիկայի նախարարությունը, Հանրային ծառայությունների հանձնաժողովը և Բիբինը իրար հետ համագործակցում են ու ուզում են մորթել մեր ամբողջ ազգին։ Դա այդպես չէ»,- ասաց ԱԺ նախագահը։

Մոտ մեկ շաբաթից այս հարցով ԱԺ-ում նաև լսումներ կլինեն։ Փակ կլինի այն, թե՝ բաց, դեռ չեն որոշել։ Սահակյանը ասաց, որ պետք է խմբակցությունների ղեկավարների հետ քննարկի։

ՀԷՑ-ը ազգայնացնելու կողմնակիցներին Սահակյանը խորհուրդ տվեց Կոմունիստական կուսակցություն մտնել։ Լրագրողներից մեկի հարցին էլ, թե «չե՞ք մտահոգվում բողոքի ալիքից», պատասխանեց՝ կարելի է ընդհանրապես փակել այդ կառույցը և էլեկտրաէներգիա չունենալ։

«Համենայնդեպս, եթե թանկացվում է, հասարակությունը կարողանա հնարավորինս գնահատել նաև այդ պրոցեսը, դրա ճշմարտությունը»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը։

Հոսանքի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները հայտարարել էին, որ սակագնի բարձրացման դեպքում իշխանափոխության հարցը կբարձրացնեն.- «Կարելի է ասել՝ մորթում ենք ԱԺ նախագահին, տեսեք՝ ինչ հզոր ենք»,- ի պատասխան ասաց Սահակյանը։

XS
SM
MD
LG