Մատչելիության հղումներ

Բերման է ենթարկվել ակտիվիստ Արայիկ Պետրոսյանը, որոշ ժամանակ անց ազատ արձակվել


Բերման է ենթարկվել ակտիվիստ Արայիկ Պետրոսյանն, որոշ ժամանակ անց ազատ արձակվել
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Որոշվել է որդեկորույս մայրերին սատարող ակտիվիստի նկատմամբ իրականացնել վարչական վարույթ։

Այսօր ոստիկանները նախագահական նստավայրի մայթից ուժով ոստիկանական ավտոմեքենա տեղափոխեցին երկու քաղաքացու՝ ակտիվիստներ Վարդգես Գասպարիին և Արայիկ Պետրոսյանին։ Նրանք նախագահական էին եկել սատարելու ամեն հինգշաբթի այստեղ բողոքի ցույց անցկացնող որդեկորույս մայրերին։

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ, ի վերջո, բերման է ենթարկվել միայն Արայիկ Պետրոսյանը: Որոշվել է նրա նկատմամբ իրականացնել վարչական վարույթ, ինչից հետո նա ազատ է արձակվել։

Ոստիկանական ավտոմեքենա ուժով տեղափոխված Վարդգես Գասպարին «Ազատության»-ը փոխանցեց, որ իրեն բաժին չեն տարել՝ ճանապարհին, ակտիվիստի խոսքով, իրեն դուրս են շպրտել ավտոմեքենայից:

Ավելի վաղ ոստիկանները կրկին պատ էին կազմել՝ թույլ չտալով, որ որդեկորույս կանայք ու նրանց սատարող ցուցարարները նախագահական նստավայրին մոտենան։

«Հանցագործը բանակում նորից է սպանում, ի՞նչ անեմ, ասե՛ք, ինչո՞ւ եկաք սենց շարվեցիք, կանգնեցիք, ինչի՞ համար, հանցագո՞րծ ենք մենք», - ասաց մայրերից մեկը։

Գասպարին պահանջեց բացել մուտքը, ասաց, որ ոստիկանը խմած է։ «Այս մարդը սթափ չէ, այս մարդը ալկոհոլ է օգտագործել, ամոթ քեզ», - բղավեց Գասպարին։

Բանակում խաղաղ պայմաններում զոհված որդիների նկարներով պաստառները պարզած՝ կանայք փորձում էին ոստիկաններին բացատրել, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում, որ ուզում են Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը տեսնի իրենց ու անցած յոթ ամիսների լռությունից հետո ի վերջո ասի՝ պատրա՞ստ է պատասխանել հուզող հարցերին, թե՞ շարունակելու է իրենց թողնել անորոշության մեջ։

«Ընդունելություն ենք պահանջել, եթե նախագահը չի ընդունում, համապատասխան ո՞վ կա, որ ընդունի ու մեր ծնողներին պատասխան տա։ Թող Սերժ Սարգսյանն իր խոստումի տերը լինի։ 2011 թվականին ճաղերի հետևից ընդունեց հենց այս հինգ ծնողներին, ասաց, որ նորանշանակ զինվորական դատախազը ձեզ կլսի ու ձեր երեխեքի քրեական գործերին համապատասխան լուծում կտա», - ասաց ցուցարարներից մեկը։

Սևազգեստ կանանց ոստիկաններն առաջարկում էին անցնել դիմացի մայթը՝ ցույցն այնտեղ անցկացնելու։ Նրանք, սակայն, անդրդվելի էին։ Ի վերջո, բանակցություններից հետո ոստիկանները թույլ տվեցին ծնողներին հասնել նախագահական նստավայրի մոտ։

Որդեկորույս Գոհար Սարգսյանը ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Սակայն, մինչ արագ արձագանքման խումբը կժամաներ, ոստիկանները ուժով ոստիկանական ավտոմեքենա խցկեցին Գասպարիին ու Պետրոսյանին։

Մայրերը հայտարարեցին, թե Արայիկ Պետրոսյանին չեն ճանաչում, անգամ կասկածներ ունեն, որ ոստիկանների ցուցումով է միացել իրենց ցույցին։ «Ես կարծում եմ, որ ոստիկաններն են բերել իրենց, ուրիշ անգամ ինչո՞ւ չկային», - «Ազատության» հետ զրույցում ասաց մայրերից մեկը։

Ոստիկանության ներկայացուցիչների հետ զրուցելուց հետո օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները կանանց փոխանցեցին, թե ոստիկանները որևէ խնդիր չեն տեսնում նախագահականի մայթով քայլելու մեջ։ Մայրերը զայրացան՝ հայտարարեցին, թե ոստիկանները ստում են։

Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները մայրերին նաև փոխանցեցին, թե ինչպես նրանք, այնպես էլ այլ քաղաքացիներ ոչ միայն նախագահականի մայթով քայլելու, այլև խաղաղ ակցիա անցկացնելու իրավունք ունեն։

«Իրանք կարող են քայլել, եթե ուզում են ակցիա անել, հավաք անել, եթե չի խոչընդոտում բնականոն գործունեությանը և մուտքին ու ելքին, որովհետև «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելված է մուտքը փակել», - ասաց օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը։

Ոստիկանության ներկայացուցիչը, մինչդեռ, «Ազատության»-ը հակառակն ասաց. - «Այստեղ ցույց անելու իրավունք չունեն, այստեղ մուտք ու ելք կա, խոչընդոտում են բնականոն աշխատանքին, եթե իրենք կանգնեն այստեղ»։

Բանակում խաղաղ պայմաններում որդի կորցրած մայրերը անդրդվելի են՝ նախագահական նսվատավայրի մոտ հավաքվելու են այնքան, մինչև Սերժ Սարգսյանն ընդունի իրենց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG