Մատչելիության հղումներ

«Մենք՝ մեր ռինգը»


Եվրոպական խաղերին մեկնող հայաստանցի բռնցքամարտիկներին առանձնապես չեն անհանգստացնում Ադրբեջանի մայրաքաղաքում սպասվող հոգեբանական ճնշումները:

Բաքվի Եվրոպական խաղերին մեկնող Հայաստանի հավաքականի «ծանր հրետանին»՝ վեց բռնցքամարտիկները վերջին պարապմունքներն են անցկացնում Աբովյանի մարզադպրոցում:

Տասը օրից արդեն Ադրբեջանի մայրաքաղաքում են լինելու, մարզիչ Կարեն Աղամալյանին առանձնապես չեն անհանգստացնում տրիբունաներից հնարավոր սադրանքները․ սաներն առաջին անգամ չեն Հայաստանի հետ պատերազմած երկրում, փորձ ունեն:

«Ոչ մի տարբերություն չկա տղաների համար՝ Բաքու են գնալու կռվելու, կամ Ռուսաստան, կամ Բրազիլիա, կամ այլ տեղ: Բոքսյորը մտնում է ռինգ՝ գիտի իր գործը», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզիչը՝ հավելելով․ - «Բոլորս գիտենք, որ շատ դժվար է լինելու՝ մթնոլորտը, ամեն ինչ, բայց բոլորը պատրաստվում են»:

«Էդ վեց հոգուց հինգ հոգին փորձառու բռնցքամարտիկներ են, որոշ մարդիկ էդ վեց հոգուց արդեն եղել են՝ մի անգամ, երկու անգամ Բաքվում, իրենց հատուկ տրամադրել պետք չի: Էդ բոլոր վեց տղաներն էլ հոգեպես պատրաստ են գերազանց․ իրենք գիտեն՝ ուր են գնում, ինչ է սպասում իրենց», - ասաց Աղամալյանը:

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հույս ունի երրորդ փորձից Բաքվից ոսկե մեդալով վերադառնալ:

«Ես մեկնում եմ երրորդ անգամ արդեն, երկու անգամ մասնակցել եմ, սակայն չեմ կարողացել հաջողություն գրանցել այնտեղ: Համենայն դեպս՝ գնում եմ հաղթանակի, որովհետև արդեն զգում եմ, որ այն մարզավիճակում եմ, որ կարող եմ մեդալ նվաճել Բաքվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց բռնցքամարտիկը:

«Նրանց սուլոցները, բացականչությունները ինձ խանգարում էին, իսկ հիմա փորձի շնորհիվ, քանի որ փորձը արդեն զգում եմ, որ իմ մոտ ահագին ավելացել է, ինձ թվում է՝ դա չպետք է ինձ խանգարի», - շեշտեց Բաչկովը:

Սամվել Բարսեղյանը և Արամ Ավագյանը գիտեն՝ իրենց հոգեբանական ճնշում է սպասում:

«Մենք գիտակցում ենք, որ այնտեղ բարդ է լինելու, բայց ինչ-որ տեղ նայում եմ, որ դա մեծ հնարավորություն է, որ մեր երկրի դրոշը հենց Ադրբեջանում կարողանանք բարձրացնել՝ մեր երկրի պատիվը բարձր պահել», - «Ազատությանը» ասաց Բարսեղյանը:

«Բնական է, կարծում եմ, որ հոգեբանորեն կփորձեն ինչ-որ տեղ ճնշում գործադրել, բայց դա մեզ ոչինչ չի ասի, քանի որ մենք՝ մեր ռինգը, մենք՝ մեր տերը», - իր հերթին, հայտարարեց Ավագյանը:

Եվրոպական առաջին խաղերը Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվեն հունիսի 12-28-ը: Ընդհանուր առմամբ, հիշեցնենք, Հայաստանից Բաքու են մեկնելու 25 մարզիկներ:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG