Մատչելիության հղումներ

Փորձագետները ՀԷՑ-ի հայտում նոր «ակնառու» չարաշահումներ են արձանագրում


«Ոչ թալանին» հնարավոր է պահանջի նախագահի և վարչապետի հրաժարականը, եթե ՀԷՑ-ի հայտը բավարարվի և հոսանքը թանկանա:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է, որ եթե մինչև հունիսի 19-ը իշխանությունները չմերժեն էլեկտրաէներգիայի թանկացման՝ ՀԷՑ-ի հայտը, իրենք հնարավոր է պահանջեն նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը․ -«Նրանք են կայացնում այդ քաղաքական որոշումը, ոչ թե Ռոբերտ Նազարյանը և այդ 4 հոգին»:

Շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի խոսքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզապես հրաման կատարող է, էլեկտրաէներգիայի թանկացման հարցում քաղաքական որոշումն իշխանություններն արդեն կայացրել են։ Ակտիվիստի խոսքով, պայմանը մեկն է՝ ոչ մի լումա թանկացում։

Չնայած բողոքի ակցիաներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ խորհրդարանում հայտարարեց՝ հոսանքը թանկանալու է, քանի որ դրա համար կան ակնառու հիմքեր։ Փորձագետները, մինչդեռ ոչ թե թանկացման, այլ չարաշահման ակնառու հիմքեր ու չարաշահումներ են արձանագրում։

Գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն, ուսումնասիրելով ռուսական ընկերության հայտըմ, պարզել է՝ 15 տարի շահագործվող «Մերսեդես» մակնիշի մարդատար մեքենայի համար բաշխիչ ընկերությունը ամսական 400 հազար դրամ է վճարում, ավելին՝ 2014-ին այդ մեքենայի անսարքությունները վերականգնել է հենց ՀԷՑ-ը՝ ծախսելով կես միլիոն դրամ։

«Պատկերացրեք ինչ թանկարժեք «Մերսեդես» է դարձել դա մեզ համար: Մեկ-երկու տարում կարելի էր էդ մեքենայի նորը ձեռք բերել», - ասաց Մանուկյանը:

Ընդ որում, ՀԷՑ-ի վարձակալած մարդատար մեքենաները վերանորոգում է հիմնականում մեկ ընկերություն։ Մանուկյանի պնդմամբ, պայմանագրերում շուկայականից մի քանի անգամ թանկ նորոգման ծախսեր կան։ Մեքենայի ապակեմաքրիչների շարժիչները փոխելու համար ՀԷՑ-ը վճարել է 36 հազար դրամ:

Նույն մեքենայից վարում է նաև Մանուկյանը, օրեր առաջ նա այդ նույն ապրանքի համար վճարել է 3 անգամ քիչ՝ 11 հազար դրամ․ - «Դա հատում է բոլոր հնարավոր մտացածին թվանկարչությունները»:

Սակագինը բարձրացնելու հայտում ՀԷՑ-ը ներառել է նաև ավտոմեքենաների լվացման ծախսերը։ Պայմանագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ, օրինակ, ՀԷՑ-ի վարձակալած թանկարժեք մեքենաները միջինը 3-4 օրը մեկ լվացվում են՝ 4 հազար դրամով: 18 մեքենայի լվացման համար ընկերությունը 2014-ինհատկացրել է 2 միլիոն դրամից ավելի գումար՝ այս ծախսը ևս ներառելով սակագինը բարձրացնելու հայտում․ - «Սպառողներս՝ մենք, վճարում ենք, որ այդ մեքենան երկու օրը մեկ ավելի մաքուր լինի, ոչ թե 10 օրը մեկ»:

2003 թվականից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ խորհրդարանում վստահեցրեց, որ սպառողները ՀէՑ-ի շռայլությունների համար երբևէ չեն վճարել ու չեն վճարելու։

Արտակ Մանուկյանը մինչդեռ, ուսումնասիրելով հանձնաժողովի փաստաթղթերը, պնդում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման նախկին և ներկա ՀԷՑ-ի հայտերում Նազարյանի մատնանշած ծախսերը ներառված եղել են, ու հանձնաժողովը հիմնավոր է համրել դրանք։

«Այո, ինքը ինչ-որ չափով չի ներառում, բայց որոշակի ուռճացված ծախսերի ներառումը դեռ չի նշանակում, որ շուկայական տրամաբանությանը հարիր է, և կան ծախսային ուղղություններ, որ ընդհանրապես մեթոդաբանություն չկա, և պարզ չէ, որ հանձնաժողովն, օրինակ, ասում է, որ սա պետք է լինի 2 միլիարդ կամ 3 միլիարդ, որքանո՞վ է դա մեթոդապես ամրագրված երկու կողմի խաղացողների համար էլ: Էստեղ ևս կան խնդիրներ»:

XS
SM
MD
LG