Մատչելիության հղումներ

ՀԽ անդամ Գարեգին Չուգասզյանը չի կարող ներկա լինել եվրոպական համաժողովին


«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ, ընդդիմադիր Գարեգին Չուգասզյանն այսօր արդեն նախատեսում էր լինել Բուլղարիայում` վաղը ինտերնետի կառավարման եվրոպական համաժողովում ելույթ ունենալու համար։ Ասում է՝ հեղինակավոր միջոցառմանը հրավերը վաղուց էր ստացել, բայց իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով երկրից դուրս գալ չի կարողացել։ Մեկ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակված Չուգասզյանը տասն օր առաջ դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով անձնագիրը վերադարձնել ու իրեն երկրից հեռանալու թույլտվություն տալ։ Մինչև օրս, սակայն, պատասխան չկա։

«Դա ամենահեղինակավոր Եվրոպական ժողովն է, և էնտեղ ես պետք է զեկուցում ունենայի», - ասաց Չուգասզյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քննիչը միջնորդությունը պետք է քններ և որոշում կայացներ անմիջապես։ Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե երբ են պատասխանելու Չուքասզյանին: Մեր հարցմանը ևս դեռ չեն արձագանքել։

Մինչդեռ փաստաբանները պնդում են, որ իրենց պրակտիկայում նախադեպեր շատ են եղել, երբ քննիչը թույլ տվել է մեղադրյալին հեռանալ երկից ու վերադառնալ։

Հայկ Ալումյանն ասաց. - «Այո, ունեցել եմ, ու մի դեպք չի եղել, մի քանի դեպք»:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար մեղադրվող Չուգասզյանն ասում է՝ իրեն և իր համախոհներին ոչ միայն քաղաքական հետապնդումների են ենթարկում, այլև խոչընդոտում իր մասնագիտական գործունեությունը։

«Սր ցուցակները, որ կային Սովետական միությունում, հիմա վերականգնվեցին Ռուսաստանում, հիմա Հայաստանում էլ, պարզվում է՝ կան մարդիկ, որ իրավունք չունեն երկրից բացակայելու: Սև ցուցակների էս ամբողջ համակարգը հայտնի բանտապետական մեխանիզմ է», - նշեց Գարեգին Չուգասզյանը:

Ըստ Չուգասզայնի՝ իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանն անդամացելուց հետո ավելի ազատ են խորհրդային տարիների ձեռագիրը գործածում ըննդիմադիրներին ու այլախոհներին հետապնդելու համար, մոռանալով, սակայն, որ աշխարհը վերջին 25 տարիներին արմատապես փոխվել է։

«Եվ էդ ընթացքում աշխարհը փոխվել է․ հիմա ինձ թույլ չեն տալիս դուրս գալ, բայց ես Երևանից «Սկայպ»-ով մասնակցելու եմ: Դա շատ ավելի մեծ ազդեցություն է ունենալու և բացասական տպավորություն է ստեղծելու Հայաստանի կեղծ ժողովրդավարական դիմակի վերաբերյալ», - ընդգծեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է՝ առանց քննիչի պատասխանի էլ իր համար պարզ է, որ իրավապահները «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարին երկրից մեկնելու թույլտվություն չէին տալու, քանի որ, ըստ իրավապաշտպանի, նրանց դեմ հարուցված քրեական գործը մտացածին է, իսկ խափանման միջոցն ու անհայտ ժամկետներով շարունակվող նախաքննությունը լծակ է իշխանությունների ձեռքին ՝ընդդիմադիրներին ճնշելու համար։

«Դառնում է լծակ՝ իշխանությունների ձեռքին: Սա Քրեական օրենսգրքի նկատմամաբ հեգնանքի մակարդակի նախաքննություն սա», - ասաց իրավապաշտպանը:

Արդեն շուրջ երկու ամիս շարունակվող նախաքննությունից «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները նորություններ չունեն, միայն մտավախություն ունեն, որ քննությունը կարող է ձգձգվել՝ ընդդիմադիր շարժման դեմ որպես մահակ օգտագործվելու համար։

XS
SM
MD
LG