Մատչելիության հղումներ

Պուտինի քննադատությունից հետո «Россия»-ն կհեռարձակի Բաքվի Եվրոպական խաղերը


Պուտինի քննադատությունից հետո «Россия»-ն կհեռարձակի Բաքվի Եվրոպական խաղերը
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է ռուսաստանյան հեռուստաալիքներին՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը չլուսաբանելու համար: Պուտինն այս մասին խոսել է սպորտի զարգացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում:

«Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը ինձ տեղեկացրեց, որ ռուսական բացառապես ոչ մի զանգվածային լրատվամիջոց չի ցանկացել լուսաբանել համաշխարհային սպորտում մեծ իրադարձություն հանդիսացող Եվրոպական խաղերը: Ինչպե՞ս կարելի է : Ես հասկանում եմ՝ կան սահմանափակումներ՝ կապված մեր բյուջեի հետ... Սակայն կան առանցքային իրադարձություններ, օրինակ՝ Եվրոպական օլիմպիական առաջին խաղերը»:

Պուտինի այս նկատողությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ ռուսաստանյան «Россия» հեռուստաալիքը Եվրոպական խաղերը լուսաբանելու թույլտվություն է ստացել: «Բաքու 2015» կազմկոմիտեի հայտարարության համաձայն, սա նշանակում է, որ շուրջ 53 միլիոն ռուսաստանցի ընտանիք հնարավորություն կունենա հետևել հունիսի 12-18-ը Բաքվում կայանալիք խաղերին:

Իսկ մինչ այդ Եվրոպական խաղերը հյուրընկալող երկիրը մեծ թափով նախապատրաստվում է շուրջ 6 հազար մարզիկների ընդունելությանն ու 20 սպորտային մրցումների անցկացմանը:

Մինչ միջազգային հանրությունը քննադատում է օլիմպիական շարժմանը այդ խաղերը Բաքվում կազմակերպելու համար, Ալիևի վարչակազմը մայրաքաղաքին ներկայանալի տեսք տալու համար անհավանական զոհողությունների է գնում ․ նախ սկսեցին մաքրել Իլհամ և Հեյդար Ալիևների հեղինակած արտահայտությունները, որոնք թևավոր խոսքի տեսքով զարդարում էին քաղաքային շենքերի պատերը, կամուրջներն ու ստորգետնյա անցումները: «Ազատության» ադրբեջանական ծառայության թղթակիցը նկատել է, որ օրինակ Բաքվի «Ժողովուրդների բարեկամություն» մետրոյի կայարանի մոտ անհետացել է «Կամուրջը կառուցվել է նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ» գրությունը: Այլևս հուշեր են դարձել նաև «Ադրբեջանի զարգացումը հաջող կլինի, կայուն ու երկարատև», «Մենք պետք է ամեն ինչ մեր ուժերով անենք․ մեզ այդ ուղին է ցույց տվել մեր համազգային առաջնորդը»:

Բաքվում աշխատող թղթակիցը շտապել է ունկնդիրներին հանգստացնել՝ հաղորդելով, որ Հեյդար Ալիևի արձանների հետ ոչինչ տեղի չի ունեցել: Նրանք շարունակում են կանգուն մնալ Բաքվի հրապարակներում, այգիներում և այլ վայրերում: Բաքվի բնակիչները չեն հասցրել մարսել այս արտասովոր իրարանցումը, երբ տեղացի իշխանությունները մեկ այլ նախաձեռնությամբ հանդես եկան . Եվրոպական խաղերից երկու շաբաթ առաջ ճանապարհատրանսպորտային երթևեկության համար քաղաքում սահմանափակումներ մտցվեցին․ Ճանապարհը դեղին գծով բաժանվեց երկու մասի՝ մի մասը բացառապես կծառայի եվրոպացի հյուրերի, մյուսը՝ տեղացիների համար: Կարգը խախտելու համար տուգանք է սահմանվել:

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ մայրաքաղաքի ճանապարհները արդեն իսկ բավական ծանրաբեռնված են և ամենուր նկատելի են խցանումներ: Ճանապարհատրանսպորտային երթևեկությունը վերահսկող մարմինը արգելել է ոչ միայն բեռնատարների երթևկությունը, այլ նաև հարսանիքների և այլ արարողությունների անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG