Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանը սահմանափակել է ԵՄ-ում Ռուսաստանի դեսպանի մուտքը խորհրդարանի շենք


Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Եվրախորհրդարանը սահմանափակել է Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովի և ևս մեկ դիվանագետի մուտքը խորհրդարանի շենք: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Եվրոպացի պաշտոնյան այս որոշումը բացատրել է ռուսական իշխանությունների կողմից հրապարակած սև ցուցակով, որում Եվրամիության քաղաքացիներ են ընդգրկվել:

Տարածած հաղորդագրության մեջ Մարտին Շուլցը նշում է, որ ռուսաստանյան իշխանությունները թափանցիկություն չեն ապահովել սև ցուցակի ընդունման հարցում: Հաշվի չեն առել միջազգային իրավունքի նորմերն ու իրավական պարտավորությունները, որոնք թույլ կտան սև ցուցակում հայտնված քաղաքական գործիչներին վիճարկել այդ որոշումն ու պատասխան քայլեր ձեռնարկել:

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Եվրախորհրդարանը նաև դադարեցրել է իր մասնակցությունը ԵՄ-Ռուսաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեում:

Այսուհետ Պետդումայի պատգամավորների և դաշնության խորհրդի անդամների մուտքը եվրախորհրդարան քննարկվելու Է յուրաքանչյուրի դեպքում առանձին ձևով:

Պաշտոնական Մոսկվան ի պատասխան հայտարարում է, թե խորհրդարանում առանձնապես անելիք էլ չունի: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով եվրախորհրդարանի այս որոշումը, հայտարարել է, թե «եվրոպացի պատգամավորների որոշումներում հետզհետե պակասում է առողջ դատողությունը. ամեն դեպքում՝ այնտեղ ոչ էլ անելիք կա»:

«Այդ ասամբլեան առհասարակ կարելի է նույնիսկ չհաճախել: Սահմանափակումներով, թե առանց սահմանափակումների՝ այնտեղ անելիք չկա», - հավելել է Ռյաբկովը:

Պաշտոնական Մոսկվայի առավել կոշտ քննադատությունը հնչել է Ռյաբկովի ենթակա պաշտոնյայի անունից: Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և տպագրության վարչության պետի տեղակալ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ - «Այնպիսի տպավորություն է, որ եվրոպական բյուրոկրատիան տեղ-տեղ վերադառնում է այսպես կոչված սուրբ հավատաքնչության ժամանակներին: Ռուսական վհուկների դեմ որսը հայտարարվել է: Հոգևոր դատաստանն անցնում է նրանց բրյուսելյան խարույկների մեջ այրելուն: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը»:

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին ռուսաստանյան սև ցուցակի հրապարակումը Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր լարվածության պատճառ դարձավ: Այդ ցուցակում ԵՄ 89 քաղաքացիների անուններ են ընդգրկված՝ այդ թվում Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղարի, Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետի անունները: Ցուցակում տեղ գտած անձանց մուտքը Ռուսաստան արգելված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG