Մատչելիության հղումներ

Թեկնածուն պնդում է, թե Ալավերդիում մրցակցությունն անհավասար պայմաններում է ընթանում


Իշխող Հանրապետականի թեկնածուի հետ մրցող Արթուր Աբգարյանի խոսքով, Լոռու մարզպետը քաղաքապետի պաշտոնում ցանկանում է Կարեն Փարեմուզյանին տեսնել։

Լոռու մարզում Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են անկուսակցականներ՝ ինքնառաջադրված Արթուր Աբգարյանը և Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածու Կարեն Փարեմուզյանը:

Ալավերդու ներկայիս հանրապետական քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը չի առաջադրվել: Ասաց՝ ըմբռնումով է մոտենում հարազատ կուսակցության որոշմանը։

«Բայց ես ինքս չեմ առաջադրել իմ թեկնածությունը՝ համարելով, որ ընտրություններին գերակայությունը պետք է տալ կուսակցական որոշումների կատարմանը, և ինքառաջադրումով առավել ևս նույն քաղաքական ուժից երկու թեկնածուներով ընտրությունների գնալը ընդամենը կարող է բերել նույն ընտրական ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարոսյանը։

Փարեմուզյանի մրցակից Արթուր Աբգարյանը քարոզարշավն իրականացնում է բակերում: Պնդում է՝ պետական հիմնարկների աշխատողները խուսափում են մասնակցել այդ հանդիպումներին. - «Հավանաբար վախենում են»:

«Կարելի է ասել մեր մրցակցությունը ոչ թե ընթանում է իմ և իմ մրցակցի միջև, այլ ընթանում է իմ ժողովրդի և Լոռու մարզպետի միջև։ Խնդիրը նրանում է, որ նա իմ մրցակցի կողմից է, ուզում է նրան նշանակել քաղաքապետ, իսկ իմ կողմը ժողովուրդն է, փորձելու ենք թույլ չտալ, փորձում է իր լծակներն օգտագործել, բայց անարդյունք», - ասաց Աբգարյանը։

Իշխող կուսակցության առաջադրած թեկնածու Կարեն Փարեմուզյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ վարչական որևէ լծակ չի օգտագործվում:

«Ազատության» հետ զրույցում թեկնածուն բնական համարեց, որ Հանրապետական կուսակցության անդամ, մարզպետ Արթուր Նալբանդյանը պաշտպանում է իր թեկնածությունը:

«Մեր կողմից որևէ ճնշում չի գործադրվում մարդկանց վրա։ Մենք զբաղվում ենք սպիտակ PR-ով։ Այսինքն՝ մեր դիմացինի մասին ոչ մի ցեխ, ոչ մի քար չենք շպրտում ու չենք էլ պատրաստվում շպրտելու, ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում», - ասաց Փարեմուզյանը։

Ալավերդցիները հիմնականում հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել և խուսափում էին ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտել: Առավել համարձակներն ուզում էին, որ նոր քաղաքապետն առաջին հերթին քաղաքի ու քաղաքում ապրող մարդկանց մասին մտածի:

Քաղաքապետի երկու թեկնածուներն էլ «Ազատության» հետ զրույցում ասում էին, թե ընտրվելու դեպքում իրենց գերակա խնդիրը գործազրկության կրճատումն է լինելու:

Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների շեմին թեկնածուներից յուրաքանչյուրը վստահ է, որ ինքն է լինելու Ալավերդու հաջորդ քաղաքապետը:

XS
SM
MD
LG