Մատչելիության հղումներ

Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա»-ին


Գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռևս պետական «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Նախնական պայմանագիրն արդեն կնքված է։

Գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է, որը պետական ընկերություն է։ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի Մեղրի - Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը։ Գործարքից հետո գազի տեղափոխման, բաշխման ողջ համակարգը կդառնա «Գազպրոմ Արմենիա»-ի սեփականությունը:

«Նա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունները», - ասաց փոխնախարարը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հայաստանը խորհրդային տարիներին ունեցել է գազի տեղափոխման ծառայություն․ բնագավառում նորեկ չէ, ուստի կարող էր ծառայութուն մատուցող այդպիսի մի ընկերություն ստեղծել և չվաճառել գազատարի այդ հատվածը․ - «Միգուցե կարելի էր սա ձևակերպել որպես հայաստանյան մի ընկերության սեփականություն»:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Իրան - Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածի առք ու վաճառքի պայմանագիրը ԲԷՑ-ի հետ դեռ 2007-ին է կնքվել՝ 30 միլիոն դոլար նախավճարով։ «Գազպրոմ Արմենիա»-ն ծրագրում է աուդիտ անցկացնել, որից հետո հայտնի կդառնա գործարքի ամբողջական արժեքը։

Ռուսաստանյան ընկերության նախնական գնահատականով, սակայն, գազատարը 38-39 միլիոն դոլար արժե։ 30 միլիոնն արդեն տրվել է, ուստի ակնկալվում է, որ «Գազպրոմը» գազատարի այս հատվածի դիմաց Հայաստանի բյուջե 8-9 միլիոն դոլար պետք է փոխանցի։

Գազատարով Իրանից ստացած գազի համար Հայաստանը վճարում է էլեկտրաէներգիայով։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ եթե Հայաստանը Իրանից գազ գնել-տեղափոխել ուզի, նոր ցանց է պետք ստեղծել: Բացի դրանից, պետք է «Գազպրոմի» համաձայնությունը ստանալ․ - «Միայն Հայաստանի Հանրապետության ցանկությունը բավարար չէ: Սա ֆիքսված է 2013 թվականի դեկտեմբերի հայտնի պայմանագրում, որտեղ մենք զրկվեցին մեր 20 տոկոս բաժնեմասից՝ հանուն անհասկանալի, այդպես էլ մինչև վերջ չբացահայտված 300 միլիոն դոլար պարտքի: Արձանագրենք, որ 2013-ի դեկտեմբերին այս բնագավառում Հայաստանի անկախության կորուստ ենք ունեցել»:

Փոխնախարար Արա Սիմոնյանը վստահեցնում է, որ եթե Հայաստանը Իրանի հետ պայմանավորվի, ու խողովակի տեխնիկական պայմանները թույլ տան, «Գազպրոմ Արմենիա»-ն պարտավոր է ապահովել գազի տեղափոխումը։

Հարցին՝ եթե Հայաստանը ցանկանա մեծացնել Իրանից գնվող գազի ծավալները, կարող է արդյոք «Գազպրոմը» խոչընդոտել դրան, փոխնախարարն արձագանքեց․ - «Ոչ: Դա «Գազպրոմ»-ի իրավասությունից դուրս է: «Գազպրոմը» երբևիցե չի ասի, որ իմ գազատարում կա դատարկ տեղ և նա, որպես տնտեսվարող սուբյեկտ, իրավունք չունի հրաժարվել դրանով գազ տեղափոխելուց»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, ռազմավարական նշանակություն ունեցող այս համակարգը պետք է պետությանը պատկանի․ - «Այն ժամանակահատվածում, երբ Իրանի շուրջ դինամիկ փոփոխություններ են լինում, և ապագայում Եվրոպա տեղափոխող գազատարի նախագծերից մեկը Սև ծովով պետք է անցնի, այսինքն՝ Հայաստան - Սև ծով, Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը կարող է հուսալի գործընկեր լինել: Այս քայլը չի կարող դրան նպաստել ուղղակի: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններն ամբողջովին կախված են ռուսական իշխանություններից»:

«Պատմությունը ապացուցել է, որ, ցավոք սրտի, մեր ռուս գործընկերները, մոնոպոլ կարգավիճակը օգտագործելով, արդյունավետ կառավարում չեն իրականացնում, և այդ առումով ևս չեմ կարծում, որ ճիշտ է վաճառելը: Վաճառենք, որ հետո, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, որտեղ կա մենաշնորհ, քաղաքացին իր գրպանից անընդհատ վճարի վատ կառավարո՞ւմը», - հավելեց Մարտիրոսյանը:

Վահագն Խաչատրյանը ասաց նաև, որ ուսումնասիրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ներկայացրած հայտն ու հայտնաբերել, որ ընկերությունը թանկացման հիմնավորումների մեջ է ներառել է նաև Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածի կառուցման արժեքը՝ 6 միլիարդ100 միլիոն դրամը․ - «Եթե իրենք վաճառում են սա, նշանակում է, այդ հիմնավորումների, ծախսերի միջից պիտի հանվի սա»:

XS
SM
MD
LG