Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է չեխահայ համայնքի ներկայացուցիչների հետ


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, երեկ Չեխիայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տնտեսական համագործակցության զարգացման և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հարցում Հովիկ Աբրահամյանը կարևոր դեր է վերապահել նաև չեխահայ համայնքին՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ են ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական գործարարների համար, ովքեր, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա:

Իր խոսքում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և նշել, որ Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքին և բազմիցս ապացուցել է իր պատրաստակամությունը՝ հակամարտությունը լուծելու միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով:

«Այս տարի ողջ հայությունը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհի տարբեր անկյուններում: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրն ամրագրված է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Մեր մոտեցումը հստակ է. Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ոչ միայն հայության, այլև ամբողջ միջազգային հանրության խնդիր է, և 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճրագործության դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման լավագույն երաշխիքն է», - նշել է Հայաստանի վարչապետը:

Նա շնորհակալություն է հայտնել Չեխիայում ստեղծված «Ապրիլ 24» կոմիտեին՝ ապրիլյան միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG