Մատչելիության հղումներ

Մելքումյան. ՀԷՑ-ում գոյացած պարտքը պետք է վերաբաշխվի պարտքի պատասխանատուների միջև


«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

ԲՀԿ-ական պատգամավորը կողմ է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին, բայց դեմ է դրա կուսակցականացմանը:

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով, «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում պետք է աուդիտ անցկացվի ու ընկերությունում գոյացած պարտքը վերաբաշխվի պարտքի պատասխանատուների միջև՝ արտադրող կայաններից մինչև պետություն, ՀԷՑ: Այդ դեպքում, ըստ պատգամավորի, հնարավոր է, որ էլեկտրաէներգիայի սակագինը և՛ չբարձրանա, և՛ մասամբ բարձրանա։

«ՀԷՑ-ը իր շահույթի մասով պատասխան տա. 17 տոկոս շահութաբերություն են տվել, մաքուրը՝ 14 տոկոս, դե թող շահույթ չունենա էդ փուլում, դրա հաշվին էդ պարտքը մարի՝ էդ մեկ։ Ատոմային էլեկտրակայանը չի տվել էդքան՝ թերմատակարարել է՝ էդ երկրորդ, հիդրոէներգետիկան չի տվել՝ երրորդ, փոխարժեքի տատանում է եղել, թող բարի լինեին ապահովագրեին այդ ամբողջ ռեժիմը, այսինքն՝ այդ ամեն ինչը պետության միջամտությամբ պետք է լուծվի։ Վերջապես պետությունը՝ վերջինը, որ չի կարողացել կանխատեսելի էլեկտրաէներգետիկ բալանս կազմել, թե որ աղբյուրից, ինչքան պետք է առներ, որ 7, 8, 9 ամսվա ընթացքում չեն կարողացել կանխատեսել, դա էլ պետության պրոբլեմն է՝ օպերատոր ՓԲԸ-ի՝ Էներգետիկայի նախարարության, որը վճար է ստանում էդ սարքավորումների և ռիսկերի կանխատեսման համար, ընդամենը չի իրականացրել։ Այսինքն՝ ստեղ գցել մենակ մի բանի վրա, ասել՝ էսինչը սենց է, տենց չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը։

Դիտարկմանը, թե, փաստորեն, հնարավորություն կա սակագինը չբարձրացնելու, Մելքումյանն այսպես արձագանքեց. - «Ամբողջ խնդիրը 24 միլիարդ դրամի պարտքն է ՀԷՑ-ի, եթե էդ խնդիրը լուծվում է, ապա որևէ բան չի լինում: Բայց այդ 24 միլիարդը երեք տարի առաջ եղել է 5, 6 միլիարդ, կամաց-կամաց աճել է»։

Հարցին՝ եթե բողոքի ակցիաներ անցկացվեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, «Բարգավաճ Հայաստան»-ը կմիանա՞, Մելքումյանը պատասխանեց. - «Եթե քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանում են, ինչո՞ւ պետք է դեմ լինենք, իրենք իրենց իրավունքներն են պաշտպանում՝ օրենքի շրջանակներում, մենք դեմ չենք դրան»:

Միաժամանակ, պատգամավորն ընդգծեց․ - «Բայց ես անձամբ հակված եմ, որ ընդհանրապես քաղաքացիական շարժման շրջանակներն են ճիշտ, որպեսզի հարցը շատ չկուսակցականացնես, որովհետև եթե մենք տանում ենք էլեկտրաէներգիայի հարցը դեպի կուսակցական պայքարի դաշտ, ինչ-որ տեղ արդեն իշխանություն-ընդդիմություն ինչ-որ բանի տպավորություն է ստեղծվում, որը այդքան էլ արդյունավետ չեմ համարում»: «Դա կարող է ինչ-որ տեղ փակուղի էլ տանի, պետք չէ ավելորդ կուսակցականացնել այդ պայքարը», - հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG