Մատչելիության հղումներ

logo-print

Պրահայում կայացավ հայ - չեխական գործարար համաժողովը


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Չեխիա պաշտոնական այցի շրջանակում Պրահայում երեկ երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ - չեխական գործարար համաժողովի բացումը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովի բացմանը իր ելույթում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, հայտարարել է․ - «Այսօրվա գործարար համաժողովը կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և շուկաներ բացահայտելու տեսանկյունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ գործարար համաժողովն է, ինչը, անշուշտ, վկայում է երկուստեք առկա հետաքրքրվածության մասին»:

«Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը: Այս կապակցությամբ կուզեի ընդգծել գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշներում Հայաստանի առաջատար դիրքն ԱՊՀ-ի երկրների շարքում: Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումներն օրենքով», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Այսօր մենք ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ: Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրների հետ, իսկ 2015 թվականի հունվարից անդամակցելով նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանն անարգել մուտք ունի 170-միլիոնանոց միասնական շուկա: Միևնույն ժամանակ, մենք օգտվում ենք երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ և ԵՏՄ-ի երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներից»:

Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ներկայում օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP) և ընդգրկված է Եվրամիության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում, ինչը լուրջ խթան է հայկական արտադրողների համար: «Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական գործարարների համար, որոնք, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա և օգտվել հումքային բազայից», - ասել է նա:

«Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում: Ես սիրով հրավիրում եմ չեխ գործարարներին և չեխական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում», - հայտարարել է Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները և ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Համագործակցության նոր հարթակ կարող են դառնալ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ձևավորումը և իրականացնում է հետևողական աշխատանքներ ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանը, նորաստեղծ տեխնոլոգիական նորարարական ընկերություններին օժանդակելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, ասել է վարչապետը:

Աբրահամյանը վստահեցրել է, որ Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային գործընկեր Չեխիայի համար:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ելույթ է ունեցել նաև Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան:

Գործարար համաժողովին Հայաստանից մասնակցել է 50-ից ավելի, իսկ Չեխիայից՝ շուրջ 100 գործարար:

Հայաստանի վարչապետը երեկ Պրահայում նաև հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG