Մատչելիության հղումներ

Բացահայտվել է առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ գողացած հանցախումբ


Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում
Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում

Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ գողացած հանցավոր խումբ բացահայտելու մասին:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են հանցավոր մի ողջ մեխանիզմ, ասված է հաղորդագրությունում:

Ըստ այդմ՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճաշարանի վարիչ, Արարատ գյուղի բնակիչ Լևոն Սարգսյանը և որդին` Վոլոդյա Սարգսյանը, հանցավոր համաձայնության գալով նույն կազմակերպության արտադրության տնօրեն, Արարատ քաղաքի բնակիչ Արտակ Գալստյանի, արտադրամասի աշխատակիցներ` Բագրատ Ավետիսյանի և Արթուր Խանոյանի հետ, ստեղծելով հանցավոր խումբ, վերամշակման արտադրամասից գողացել են առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ, այն տեղափոխել Քաջիկ Մարգարյանին պատկանող լճեր: Հանքանյութը լվանալու եղանակով նրանք ստացել են մեկ կիլոգրամ 400 գրամ ոսկու զանգված: Այնուհետև, հունիսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, Լևոն և Վոլոդյա Սարգսյանները, նախապես պայմանավորվելով Երևանի բնակիչներ Արկադի Եսայանի և Վահան Սիմոնյանի հետ, ոսկու զանգվածն իրացնելու նպատակով ժամանել են մայրաքաղաքի «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Այստեղ Լևոն Սարգսյանը Եսայանին է վաճառել մեկ կիլոգրամ ոսկին` 38 հազար 800 դոլարով, իսկ որդին` Վոլոդյան Սիմոնյանին է վաճառել 400 գրամ ոսկին` դրա դիմաց ստանալով 14 հազար 830 դոլար: Այս գործարքից անմիջապես հետո էլ վերջիններս` գողոնով ու գումարով, բերման են ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ, փոխանցում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG