Մատչելիության հղումներ

logo-print

Խոսնակ Հասթերթը պետք է հարցաքննվի նաև թուրքական կաշառքներ ստանալու մեղադրանքների համար


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթին մեղադրանք առաջադրվեց դաշնային դատախազների կողմից.

1) Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) ստելու համար, թե ինչու է տարբեր բանկերից մոտ 1.7 միլիոն դոլար հանել վերջին չորս տարվա ընթացքում.

2) Բանկերի կողմից խոշոր կանխիկ գործարքների համար պահանջվող հաշվետվություններից խուսափելու պատճառով:

Այս մեղադրանքներից յուրաքանչյուրով նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք:

Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Հասթերթը 2010 թվականին գաղտնի հանդիպում է ունեցել իր նախկին ուսանողներից մեկի հետ և համաձայնել նրան վճարել 3.5 միլիոն դոլար, որպեսզի նա լռություն պահպանի իր «անցյալի վատ արարքի» համար, երբ ինքն ըմբշամարտի մարզիչ էր Իլինոյիսի Յորքվիլ դպրոցում 1965-1981 թվականներին: 73-ամյա Հասթերթն այդ հանդիպումից սկսած նրան վճարել է 1.7 միլիոն դոլար՝ սկզբում 50-հազարական դոլար հանելով միաժամանակ մի քանի բանկերից, իսկ հետագայում բանկի պաշտոնյաների կասկածանքի պատճառով կրճատելով դրանք մինչև 10-հազարական դոլար՝ բանկային հաշվետվության պահանջներից խուսափելու համար:

2014 թ. դեկտեմբերին, երբ FBI-ը նրան հարցրել էր, թե ինչու է այդպիսի խոշոր գումարներ վերցրել բանկերից, Հասթերթը «էապես սխալ, կեղծ և խաբուսիկ հայտարարություններ» է արել, ըստ դաշնային դատախազների: Ըստ տարբեր լրատվական աղբյուրների՝ Հասթերթն այս գումարները վճարել է իր նախկին ուսանողին՝ տասնամյակներ առաջ նրա նկատմամբ թույլ տրված սեռական ոտնձգությունները թաքցնելու նպատակով:

Հասթերթի հասցեին կատարված ամբաստանությունները հատկապես հետաքրքրում են ամերիկահայ համայնքին, քանի որ անցյալում նա մեղադրվել էր, որ խոշոր չափերի կաշառքներ է ստացել թուրքական կառույցներից Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում եղած ժամանակ 1999-2007 թվականներին՝ Հայոց ցեղասպանության բանաձևերը տապալելու համար: Այս մեղադրանքները երբեք լիարժեքորեն չեն հետաքննվել ԱՄՆ-ի կառավարության կողմից: Կոնգրեսից հեռանալուց հետո, Հասթերթը աշխատեց Դիկշտայն Շապիրոյի մոտ Վաշինգտոնում որպես լոբբիստ Թուրքիայի և այլ հաճախորդների համար:

Զարմանալիորեն, կոնգրեսական Հասթերթն իր քաղաքական կարիերայի սկզբում մեծապես սատարել էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 1984 թ. ապրիլի 19-ին Ներկայացուցիչների պալատում նա ելույթ ունեցավ ի նպաստ Կոնգրեսի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման բանաձևի: 1996 թ. հունիսի 5-ին նա կողմ քվեարկեց մի օրենքի փոփոխության, որով կասեցվելու էր Թուրքիային տրամադրվող ամերիկյան օգնությունը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, 2000 թ. օգոստոսին խոսնակ Հասթերթը հանդիպեց Գլենդեյլի հայ համայնքի ղեկավարների հետ՝ խոստանալով Հայոց ցեղասպանության բանաձևը դնել քվեարկության՝ չնայած նախագահ Քլինթոնի խիստ առարկությանը:

Սակայն, 2000 թ. հոկտեմբերի 19-ին, ցեղասպանության բանաձևի քվեարկությունից րոպեներ առաջ խոսնակ Հասթերթը օրինագիծը հանեց քննարկումից, արդարանալով, որ նախագահ Քլինթոնն իրեն նամակ է ուղարկել՝ «ազգային անվտանգության լուրջ մտահոգություններ» բարձրացնելով: Ինչպե՞ս է, որ Ներկայացուցիչների հանրապետական խոսնակը, որ գրեթե բոլոր հարցերում կտրականապես դեմ էր դեմոկրատ նախագահին և աջակցում էր նրա պաշտոնազրկմանը (իմփիչմենթին), հանկարծ որոշեց համաձայնել նրա հետ Հայոց ցեղասպանության բանաձևը մերժելու վերաբերյալ: Չորս օր անց, թուրքական «Սաբահ» թերթը հաղորդեց, որ Հասթերթը համաձայնել էր խափանել բանաձևը, եթե նախագահ Քլինթոնը իրեն գրավոր խնդրագիր ներկայացնի:

Միգուցե ավելի չարամիտ պատճա՞ռ է եղել, որ խոսնակ Հասթերթը միանգամից փոխել է իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:

«Վանիթի ֆեյր» ամսագիրը 2005 թ. իր սեպտեմբերյան համարում բացահայտեց, որ FBI-ի նախկին թարգմանչուհի Սիբել Էդմոնդսը զննել էր գաղտնաբար ձայնագրված թուրքական հեռախոսազանգերը, որոնք հաստատում էին, որ Հայոց ցեղասպանության բանաձևի կանխումը խոսնակ Հասթերթի կողմից արժեցել է առնվազն 500 հազար դոլար: FBI-ը գաղտնալսել է թուրք զրուցակիցներին, որոնք պարծեցել են, թե ինչպես են «Հասթերթի նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպել տասնյակ հազարավոր դոլարների վճարումները փոքր չեկերով», որովհետև 200 դոլարից պակաս նվիրատվությունների համար հայտարարագրեր չէին պահանջվում: Ի դեպ, «Վանիթի ֆեյր»-ի կողմից խոսնակ Հասթերթի 1996-2002 թթ. դաշնային փաստաթղթերի քննությունը ցույց է տվել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ստացել է մոտ 500 հազար դոլարի չհայտարարագրված վճարումներ:

Ապշեցուցիչ է, որ Էդմոնդսի լուրջ մեղադրանքները հետաքննելու փոխարեն FBI-ը նրան պաշտոնից հեռացրեց, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը նրան թույլ չտվեց վկայություն տալ ոչ Կոնգրեսում և ոչ էլ դատարանում՝ «պետական գաղտնիքի առանձնաշնորհման» օրենքի պատրվակով:

Զարմանալի չէ, որ խոսնակ Հասթերթի այցերը Թուրքիա 2002 և 2004 թվականներին ֆինանսավորվել էին Թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի կողմից: Ուստի, 2004 թ. հուլիսին Հասթերթը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ խոստանալով խափանել Հայոց ցեղասպանության ճանաչման հետագա բոլոր բանաձևերը. մի խոստում, որը նա պահեց մինչև Ներկայացուցիչների պալատից իր հեռանալը 2007 թ. նոյեմբերին...

Հետաքրքրական է, որ Հասթերթի անձնական հարստությունը աճեց 270 հազար դոլարից մինչև 17 միլիոն դոլար Կոնգրեսում երկու տասնամյակ ծառայելու ընթացքում, այն դեպքում, երբ նրա աշխատավարձը կազմել է տարեկան 175 հազար դոլար... Որտեղի՞ց նրան այդ միլիոնները...

Ներկայացուցիչների պալատից հեռանալուց վեց ամիս անց Հասթերթը սկսեց օգուտ քաղել Կոնգրեսում թուրքական շահերին ծառայելուց՝ միանալով Դիկշտայն Շապիրոյի ընկերությանը որպես լոբբիստ՝ ներկայացնելով թուրքական կառավարությունը, ի թիվս այլ հաճախորդների: Նա համատեղ աշխատեց Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեփարդի հետ, երբեմն միասին ճամփորդելով Թուրքիա և միլիոնավոր դոլարներ կիսելով շահավետ լոբբիստական վճարումներից: Նախորդ շաբաթ, դաշնային մեղադրանքից անմիջապես հետո, Հասթերթը հեռացավ լոբբիստական ընկերությունից:

Այժմ պետք է լիարժեք հետաքննություն իրականացվի Հասթերթի դեմ առաջադրված բոլոր մեղադրանքներով, որոնք վաղուց անտեսվել էին: Ամերիկյան հասարակությունը պետք է իմանա, թե արդյոք նա կաշառվել է, կամ ավելի վատ՝ շանտաժի է ենթարկվել թուրքական կազմակերպությունների կողմից, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակն էր, որը երրորդ ամենահզոր պաշտոնն է Վաշինգտոնում նախագահից և փոխնախագահից հետո...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG