Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են կանխորոշիչ լինել ինչպես հայ - թուրքական հարաբերությունների, այնպես էլ Թուրքիայի ընդհանուր զարգացման համար, համոզված է Քարնեգի հաստատության Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Թոմ դը Վաալը:

Վերլուծաբանի խոսքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է Թուրքիան նախագահական երկիր դարձնել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակով իր ձեռքը վերցնելով երկրի կառավարման բոլոր լծակները: Դրա համար Էրդողանին անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը, ինչը հնարավոր է խորհրդարանական մեծամասնությունը պահպանելու դեպքում:

«Միակ կուսակցությունը, որը կարող է դրան խանգարել, քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն է», - նշում է դը Վաալը:

Եթե Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը առաջիկա ընտրություններին 10 տոկոսի շեմը հաղթահարի և ներկայացված լինի Թուրքիայի խորհրդարանում, ապա իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով. կամ այն կդառնա հզոր ընդդիմադիր ուժ, կամ էլ իշխանական կուսակցության հետ դաշինք կկազմի և կփորձի փոփոխություններն իրականացնել Թուրքիայի կառավարության ներսից:

Դը Վաալի խոսքով՝ այդ կուսակցությունը բավականին ժողովրդավարական մոտեցումներ ունի. - «Քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը բավականին առաջադեմ է Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, ժողովրդավարության, խոսքի ազատության և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներում, այնպես որ՝ նման կարծիքներ առաջին անգամ ներկայացված կլինեն թուրքական խորհրդարանում»:

Ըստ վերլուծաբանի, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պահանջում է Թուրքիայից բացել սահմանները Հայաստանի հետ և ճանաչել հայերի դեմ 1915-ին գործած հանցանքը: Դը Վաալը եզրակացնում է, որ եթե Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը մուտք գործի խորհրդարան, մոտ ապագայում այն արմատական փոփոխությունների չի հասնի, սակայն կխթանի Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունները:

«Թուրք հասարակության մեջ առկա է ոչ թե մեծամասնություն, սակայն հզոր փոքրամասնություն, որը ցանկանում է խոսել անցյալի մասին, բարելավել հարաբերությունները ազգային փոքրամասնությունների հետ, և այդ խումբը հզոր ներկայացված կլինի խորհրդարանում», - նշում է վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG