Մատչելիության հղումներ

Չեխիայի վարչապետը կարծում է՝ Հայաստանը կարող է կամրջել ԵՏՄ-ն և Չեխիան


Հայաստանը Չեխիայի համար կարող է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հարցում, համոզված է Եվրամիության անդամ Չեխիայի կառավարությանը ղեկավարը։

Բոհուսլավ Սոբոտկան այս մասին խոսեց պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Հայաստանը համարում ենք տարածաշրջանում կարևոր գործընկեր։ Չեխիային հետաքրքրում է Հայաստանի հետ տնտեսական կապերը, և ակնհայտ է, որ առկա ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում»,- ասաց վարչապետ Սոբոտկան։

Հայաստանի վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Չեխիայում է այդ երկրի կառավարության պաշտոնական հրավերով։ Երկու երկրների վարչապետների առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպում, ապա երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողություն։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին բարձր գնահատեց եվրոպական այս երկրի հետ փոխադարձ հարաբերությունների մակարդակը։ Խոսքը նաև քաղաքական հարթակում համագործակցության մասին է, ընդգծեց վարչապետ Աբրահամյանը։

«Քաղաքական հարթակում մեր համագործակցությունը գտնվում է շատ բարձր հիմքերի վրա, և մեր երկու վարչապետների ցանկությունն է, որպեսզի տնտեսական ոլորտում առկա ռեսուրսը, ներուժը ավելի արդյունավետ օգտագործենք»,- ասաց Աբրահամյանը։

Հայաստանի վարչապետն իր խոսքում անդրադարձավ նաև Երևան-Պրահա ուղիղ չվերթի վերագործարկման հարցին, նշեց, որ անցյալ տարվա հոկտեմբերից դադարեցված այդ չվերթի վերականգնումը մասնավոր ընկերության տիրույթում է գտնվում։ Տեղեկացրեց, որ վաղն առավոտյան հանդիպում է ունենալու չվերթն իրականացնող չեխական ընկերության ղեկավարության հետ և փորձելու է հարցին լուծում գտնել։

Հայ-չեխական հարաբերությունները կարևորող Հայաստանի վարչապետին չեխ լրագրողը հիշեցրեց Չեխիայի մունիցիպալ դատարանի կողմից 22 տարի ազատազրկման դատապարտված Անդրանիկ Սողոյանի մասին, ով ներկայումս ոչ թե չեխական բանտում է, այլ Հայաստանում։

Սողոյանի նկատմամբ Չեխիան միջազգային հետախուզում էր հայտարարել, ինչից հետո նրան հայտնաբերել էին Հայաստանում։ Չեխիայի իրավապահները պահանջում էին Հայաստանից արտահանձնել իրենց երկրում մի շարք հանցագործություններում մեղավոր ճանաչված Սողոյանին։ «Չեք կարծո՞ւմ, որ այդ հարցը կարող է բացասական անդրադառնալ հայ-չեխական հարաբերությունների վրա»,- հարցրեց լրագրողը։

Հայաստանի վարչապետն ասաց, որ այս պահին հնարավոր չէ հարցին իրավական լուծում տալ։

«Այդ հարցից ես տեղյակ եմ, ինձ զեկուցել է ՀՀ արդարադատության նախարարը դեռ ամիսներ առաջ։ Այստեղ բացակայում է երկու երկրների միջև համաձայնագիրը, որը կարող էր ուղղակի այդ հարցին տալ դրական լուծում։ Հիմա իրենք քննարկում են այդ խնդիրը, եթե ապագայում հնարավոր լինի այդ հարցին իրավական դաշտում լուծում տալ, անպայման Հայաստանի կառավարությունը գնալու է այդ հարցի լուծմանը։ Մենք պատրաստ ենք, և համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ, ով օրենք է խախտել, պետք է անպայման ստանա իր պատիժը»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG