Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ում նորանոր սկանդալներ են հասունանում


Այսօր ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Ջերոմ Վալքեն կապ չունի 10 միլիոն դոլարի բանկային գործարքի հետ, որը էական նշանակություն ունի կաշառակերության գործով տարվող հետաքննության համար:

ՖԻՖԱ-ն հայտնում է, որ գլխավոր քարտուղարը, ով կազմակերպության նախագահ Զեպ Բլատերից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, վճարում կատարելու լիազորություն չունի: Ըստ կազմակերպության՝ բանկային փոխանցումը կատարվել է ՖԻՖԱ-ի ֆինանսական հանձնաժողովի այն ժամանակվա ղեկավարի կողմից:

«Ռոյթերս»-ը նշում է, որ 2008-ին, երբ կատարվել է փոխանցումը, այդ պաշտոնում աշխատել է արգենտինացի Ջուլիո Գրանդոնան, ով անցյալ տարի մահացել է:

ՖԻՖԱ-ի այսօրվա հայտարարությունը հաջորդեց «Նյու Յորք Թայս»-ի հրապարակմանը, որտեղ շոշափվում է Ջերոմ Վալքեի անունը:

Նյու Յորքում՝ ֆեդերալ դատարան ներկայացված հայցում նշված է, որ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյան 10 միլիոն դոլարի փոխանցում է կատարել ՖԻՖԱ-ի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Ջեք Ուորներին: Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը երկուշաբթի օրն ասել է, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալքեն է:

Ըստ ամերիկացի իրավապահների՝ փոխանցված գումարը վճարվել է որպես կաշառք, որպեսզի Ուորները և այլ պաշտոնյաներ քվեարկեն 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացնելու օգտին:

Անցած շաբաթ պայթած կոռուպցիոն սկանդալային գործով ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյա է ձերբակալվել, այդ թվում նաև ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները, ում գլխավորած կազմակերպությունը ստացել էր 10 միլիոն դոլարը: Ձերբակալությունից անմիջապես հետո նա ասել էր, թե սկանդալը կարող է հասնել մինչև ՖԻՖԱ-ի գագաթը։ Ուորները այսօր ազատ է արձակվել գրավի դիմաց:

ՖԻՖԱ-ն, հերքելով կաշառքի մեղադրանքը, պարզաբանել է, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության կառավարությունը 2007 թվականին հաստատել էր 10 միլիոն դոլարի ծրագիր՝ աջակցելու Կարիբյան երկրների աֆրիկյան սփյուռքին:

Ծրագիրը իրականացնելու համար 10 միլիոն դոլար է փոխանցվել Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիային (CONCACAF): Այդ կոնֆեդերացիայի նախագահը հենց նույն Ջեք Ուորներն էր, ով նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահներից մեկն էր:

Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալքեին, ապա երբ մամուլում սկսեց շոշափվել նրա անունը, հայտնի դարձավ, որ նա չեղյալ է հայտարարել հունիսի 6-ին Կանադայում կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը իր մասնակցությունը։

ՖԻՖԱ-ում հնարավոր է կոռուպցիոն նոր սկանդալային բացահայտումներ լինեն, մասնավորապես, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում:

2016-ին կայանալիք Հարավային Ամերիկայի ֆուտբոլի առաջնության 100-ամյակին նվիրված մրցաշարի հետ կապված ավելի քան 100 միլիոն դոլարի կոռուպցիոն սկանդալ է հասունանում: Կաշառակերության այս սխեմայում մեղադրվում են խաղերի հեռարձակման արտոնագիր ունեցող երեք մարքեթինգային ընկերությունների պաշտոնյաներ:

Պարագվայում տնային կալանքի տակ է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) նախկին նախագահ, ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովի երկարամյա նախկին անդամ Նիկոլաս Լեոզը: Պարագվայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ԱՄՆ-ի կողմից խնդրանք են ստացել նրան ձերբակալելու և արտահանձնելու համար:

Բրազիլիայում տեղական Epoca թերթը հայտնում է, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին ղեկավար Ռիկարդո Տեյսերիային կարող է մեղադրանք սպառնալ՝ կապված 2014 թվականի աշխարհի առաջնությունը նախապատրաստելու ժամանակ անսովոր մեծ չափի՝ 147 միլիոն դոլարի բանկային փոխանցում կատարելու հետ: Մինչ առաջնությունը 2012-ին նա հրաժարական է տվել կոռուպցիոն մեղադրանքների պատճառով:

Բրազիլիայի ֆեդերալ դատախազության խոսնակը այսօր հաստատել է, որ ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել, բայց մանրամասները չի բացահայտել: «Ասոշիեյթեդ Փրես»-ը նշում է, որ Բրազիլիայի օրենսդրությամբ միայն դատախազությունը իրավունք ունի մեղադրանք առաջադրել, բայց այն պետք է ընդունվի դատարանի կողմից: Ըստ հրապարակման՝ ոստիկանությունը դիմել է դատախազությանը մեղադրանք առաջադրելու համար, սակայն դատախազության ու դատարանի որոշումներ առայժմ չկան:

XS
SM
MD
LG