Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունը։

Հայաստանի վարչապետը զրույցի ընթացքում հեռանկարային է համարել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնումն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը նաև կարևորել է Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման հարցը։

Չեխիայի վարչապետը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը և զարգացումը՝ նշելով, որ համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններև հեռանկարներ կան: Նա ընդգծել է հայ-չեխական գործարար համաժողովի անցկացման կարևորությունը տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում: ԵՄ-ՀՀ համագործակցությունը զարգացնելու առումով Չեխիայի վարչապետը կարևորել է Հայաստանի համար վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ անդամ երկրների հետ:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, անդրադարձելՀՀ-Եվրամիություն, ՀՀ-ԵՏՄ փոխգործակցությանը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Չեխիայի վարչապետին փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին։

Փաստաթղթերի ստորագրումից հետո կայացել է Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG