Մատչելիության հղումներ

Եթե Սյունիքի մարզպետի որդին անպատիժ մնա, ծեծկռտուքից տուժածները կդիմեն ՌԴ դատախազություն


Որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով հարցաքննվել է Սուրիկ Խաչատրյանը։

Գորիսում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների ընտանիքը հայտարարում է՝ եթե Խաչատրյանների ընտանիքն անպատիժ մնա, դիմելու են Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։

«Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարութ Զաքարյանը, հիշեցնենք, կորցրել է մեկ աչքի տեսությունը, իսկ եղբայրը՝ Մուշեղը, քթի կոտրվածք էր ստացել։

Տուժած Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ծեծկռտուքից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մեղավորները դեռ ազատության մեջ են, քրեական գործի շրջանակում առաջխաղացում չկա։

«Մենք չենք լռելու, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, մեծ տղաս՝ ևս, եթե էստեղ գործերը կոծկվի, ես կդիմեմ Ռուսաստանին։ Իմ էրեխեքը հավի ճտեր չէին կամ ո՞ւմ էին ինչ արել, որ էսօրվա դրությամբ աչքի լույսից զրկվի, խի դա հե՞շտ բան է»,- ասաց նա։

«Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Հարութ և Մուշեղ Զաքարյանները ճանաչվել են տուժող։ Արյունալի այս միջադեպից մինչ այսօր, սակայն, Քննչական կոմիտեն կասկածյալների կամ մեղադրյալների մասին չի հաղորդում։ Մինչդեռ Զաքարյանների մայրը վստահեցնում է՝ ինքը, ամուսինը և որդիները մի քանի անգամ հարցաքննվել են և ամեն անգամ ցուցմունք տվել մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի դեմ, անգամ իրավապահներից պահանջել են վերծանել Հարութի հեռախոսազանգերը։

«Թող վերծանեն, ինչի՞ են լռում, ես չգիտեմ, էտքան մարդ էնտեղ եղել է, ամեն տղայիս վրա 30-40 հոգով հարձակվել են, նույնիսկ Հարութս չի հիշում ոտքով են հարվածել աչքին, թե բիտայով, իրան հրել, քցել են գետնին, հարձակվել են ինչով կարողացել, էլ մահակներով, էլ քացով, էլ մետաղական գործիքներով հարվածել են։ Տիգրան Խաչատրյանն էլ է եղել ու իրա թափթփուկները»,- ասաց Անահիտ Գալստյանը։

Այսօր «Ազատության» հետ զրույցում մարզպետի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի օգնականը տեղեկացրեց, որ ծեծկռտուքի գործով հարցաքննվել է նաև Սուրիկ Խաչատրյանը։ Մարզպետը շարունակում է պնդել, որ իր որդին անմեղ է. ծեծկռտուքի վայրում եղել է, սակայն որևէ մեկին չի հարվածել, ավելին՝ փորձել է իրարից բաժանել վիճաբանողներին

«Տիգրանը Խաչատրյանը մասնակցություն չի ունեցել, միայն բաժանել է Պողոսին և Պետրոսին»,- պնդեց օգնականը։

Այլ մանրամասներ փաստաբանի օգնականը չհաղորդեց։ Մարզպետի այս ցուցմունքի և նախկինում արած հայտարարությունների միջև որոշակի հակասություններ կան։ Դեպքից երկու օր անց ԱԺ-ում Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին վստահեցրել էր, որ իր որդին ծեծկռտուքի հետ որևէ կապ չունի ու այդ օրերին ընդհանրապես Գորիսում չի եղել։

«Տիգրանը Երևանում է եղել»,- ասել էր մարզպետը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ հենց այս ակնհայտ հակասություններն են մատնում Խաչատրյաններին։ Իրավապաշտպանը վստահ է, որ Քննչական կոմիտեն գործին ընթացք չի տա, մտավախություն ունի, որ մարզպետի որդին անգամ կարող է ծեծկռտուքը բաժանողների ցանկից դուրս մնալ։

«Եթե ասում է, որ տղան չի մասնակցել, և ինքը էլիտայի հետ մասնակցում է սուրբ եկեղեցու օծման արարողությանը, ո՞վ կարող է նրա խոսքերը կասկածի տակ դնել։ Կարծում եմ, որ նախաքննական մարմինը, Աղվան Գառնիկովիչը ամեն ինչ կանի, որ նրան դուրս բերեն նույնիսկ այդ բաժանողի կարգավիճակից։ Ամբողջ այս ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես է Հանրապետական կուսակցությունը, իշխող էլիտան ձեռքերը պարզած փրկում Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց Ալեքսանյանը։

Անցած շաբաթ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախաքննական մարմնից պահանջել էր մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի քրեական գործը՝ ուսումնասիրելու, թե արդյոք ճիշտ քրեական գնահատական է տրվել Տիգրան Խաչատրյանին վկայի կարգավիճակով ներգրավելուն։ Քննչական կոմիտեն մինչ օրս նյութերը գլխավոր դատախազին չի ուղարկել, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ հսկողություն իրականացնող դատախազը կարող է տեղում ծանոթանալ գործի նյութերին։

XS
SM
MD
LG