Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի բանտերում կամրապնդվի առողջապահությունը


Հայաստան - Նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, նոյեմբեր, 2014թ․

Հայաստան - Նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, նոյեմբեր, 2014թ․

Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017 թվականների ծրագրային համագործակցության շրջանակում:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: Հատուկ ուշադրություն կդարձվի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջին զեկույցներում որպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին:

24 ամիս տևողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2017-ի փետրվարի 28-ին: Ծրագրի բյուջեն կազմում է 900 հազար եվրո:

Ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը մասնակցել են արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և փոխնախարար Սուրեն Քրմոյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրամիության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, այլք:

Նախարարն ընդգծել է, որ առողջության իրավունքը մարդու հիմնական իրավունքների անքակտելի մասն է, որից օգտվում են նաև ազատազրկման մեջ գտնվող անձինք՝ անկախ գործած հանցանքի բնույթից: «Փակ հաստատությունում գտնվող մարդու իրավունքներն առավել խոցելի են։ Այդ իսկ պատճառով, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ազատազրկվածների առողջության իրավունքի պաշտպանությանը: Մեր բարեփոխումների թիրախներից է քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների պատշաճ մատուցումը», - ասել է, մասնավորապես, Մանուկյանը:

Եվրախորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է ծրագրի իրականացման համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Վուտովան նշել է, որ ծրագրի գլխավոր նպատակը բանտային համակարգի համապատասխանեցումն է մարդասիրական չափանիշներին:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի խոսքով, ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ արդարադատության առավել արդյունավետ համակարգ ունենալու նպատակով: «Մենք նկատում ենք որոշակի առաջընթաց ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ արդարադատության ոլորտում»,- ասել է ԵՄ-ի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG