Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:

Հանդիպման ժամանակ Համաչեկն արձանագրել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել Հայաստանի վարչապետի այցը` հայ - չեխական կապերն է՛լ ավելի խորացնելու և տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու առումով: Հայ - չեխական հարաբերությունների ամրապնդման և խորացման առումով բարձր է գնահատվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա: Պատգամավորների պալատի նախագահը, կարևորելով միջխորհրդարանական կապերի խորացումը, անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը նաև տնտեսության ոլորտում: Յան Համաչեկը կարևոր է համարել գործակցության խորացումն Արևելյան գործընկերության շրջանակում:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները և քաղաքական երկխոսությունն ակտիվացել են: Նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և հայ - չեխական միջխորհրդարանական համագործակցությունը, անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի հետագա ակտիվացումը և զարգացումը: Վարչապետը նշել է, որ Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև Հայաստան - Եվրամիություն համագործակցության այլ ձևաչափերում գործակցության խորացումը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը, և շնորհակալություն է հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ զրուցակիցները շեշտել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:

Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Պրահայի Սենովաժնե հրապարակում ծաղկեպսակ է դրել հայ - չեխական բարեկամությունը խորհրդանշող խաչքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG