Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Ադրբեջանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Ալեքսիս Շախթախթինսկին:

Ադրբեջանի նախագահի վարչակազմը պնդում է, թե ադրբեջանական ծագմամբ ֆրանսիացի պաշտոնյային աշխատանքից հեռացնելու պատճառը Իլհամ Ալիևի հետ լուսանկարն է, որը ժամանակին սկանդալի պատճառ էր դարձել:

Շախթախթինսկու պաշտոնանկության մասին հայտնի դարձավ նախօրեին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի թվիթերյան միկրոբլոգից: Վերջինս հայտնելով լուրը նշել էր նաև, թե դիվանագիտական շրջանակներում այդ պաշտոնանկությունը բացատրում են ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի դիրքորոշմամբ:

Հիշեցնենք՝ անցյալ տարի ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Դանիել Բաերը բավական կոշտ տոնով հիշեցրել էր Բաքվում ԵԱՀԿ-ի նախագծերի համակարգող Ալեքսիս Շախթախթինսկուն, որ նա Ադրբեջանի կառավարության աշխատակիցը չէ: Այս նիստը համընկել էր Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ամենօրյա դարձած ձերբակալությունների հետ: «Ես նկատել եմ ձեր երկու լուսանկարները, և երկուսն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարարի հետ են: Մինչդեռ ես չեմ տեսել ձեր լուսանկարները քաղաքացիական հասարակության որևէ ներկայացուցչի հետ: Կցանկանայի պարզապես ձեզ հիշեցնել, որ թեև անկասկած ընդունող կողմի կառավարության հետ խորհրդակցությունները ձեր աշխատանքի կարևոր մասն են կազմում, սակայն դուք աշխատում եք մեզ բոլորիս համար և աշխատում եք` ղեկավարվելով այս կազմակերպության հիմքում ընկած արժեքներով, իսկ ձեր ղեկավարը Ադրբեջանի կառավարությունը չէ», - հիշեցրել էր ամերիկացի դիվանագետը:

Այս կոշտ ու հրապարակային քննադատությանն այն ժամանակ պաշտոնական Բաքուն չարձագանքեց: Փոխարենը, այժմ Ադրբեջանի նախագահականի բարձրաստիճան պաշտոնյան հեգնում է. ստացվում է, որ եթե Շախթախթինսկին լուսանկարվեր ոչ թե Ալիևի, այլ դեսպան Բաերի հետ, ապա նրա հետագա գործունեությունը կլիներ շատ հաջող:

Նշենք նաև, որ ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ից այդ պաշտոնանկությունը բացատրել են աշխատանքային պայմանագրի ժամկետի սպառմամբ: Հիշեցնենք՝ Շախթախթինսկին այս պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի մարտի 1-ից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG