Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Այս պայմաններում տնտեսական աճ ակնկալելը լուրջ չէ


Տնտեսագետ Վահագն Խաչատրյան, արխիվ

Տնտեսագետ Վահագն Խաչատրյան, արխիվ

2015-ի առաջին եռամսյակի՝ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները մտահոգիչ են Վահագն Խաչատրյանի համար:

2015 թվականի առաջին եռամսյակի տվյալները, որ օրերս հրապարակեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, մտահոգիչ են տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար:

Ամենամեծ խնդիրը երկրի տնտեսության համար տնտեսագետը համարում է ուղղակի ներդրումների կրճատումը:

«Եռամսյակային հաշվետվությունների մեջ ավելի շատ անհանգստացնողը ներդրումների խնդիրն է: Ներդրումներ, որ ուղղակի ներդրումներ են, ընդամենը կազմել են այս եռամսյակում 35 միլիարդ դրամ, նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել են ուղիղ 50 տոկոսով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Դա, ըստ նրա, խոսում է այն մասին, որ «մենք իսկապես լրջագույն ճգնաժամի մեջ ենք գտնվում՝ երկրի տնտեսությունը, և փորձել այդ ճգնաժամը չտեսնել ու չգնահատել ու դա արդարացնել նաև ակտիվության ցուցանիշով՝ սա խաբկանք է»:

Տնտեսության որակի մասին խոսող ցուցանիշները ևս, ըստ Վահագն Խաչատրյանի, հուսադրող չեն: Ավելացել է գործազրկությունը, կրճատվել է առևտրաշրջանառությունն ու էլեկտրաէներգիայի արտադրությունը, պակասել են ներմուծումն ու արտահանումը:

«Օրինակ, վերցրեք էլեկտրաէներգիայի սպառում՝ 8 տոկոս նվազում, կարող եք վերցնել առևտրի շրջանառության սպառում՝ 8 մի քիչ ավել տոկոս կամ մի քիչ պակաս, էլի մեծ տնտեսության որակ են ներկայացնում, վերցրեք արտաքին առևտուր՝ մոտավորապես 30 քանի տոկոսով կրճատված», - թվարկեց տնտեսագետը՝ հավելելով․ - «Սրանք այն փաստերն են, որոնց վերլուծության արդյունքում դուք չեք կարող տեսնել, ասենք, աճ է տեղի ունեցել կամ իրականում մեր տնտեսությունը ճգնաժամի մեջ չի գտնվում»:

«Ճիշտ է, մեր հակառակորդները, այսպես ասած, կարող են հակադարձել, ասել՝ տեսեք, արդյունաբերության աճ է տեղի ունեցել: Այդ թվերը նայում ենք՝ այդտեղից երևում է, որ հիմնականում հանքարդյունաբերության բնագավառում և, ասենք, ծխախոտի արտադրության բնագավառում տեղի ունեցող աճի շնորհիվ է արձանագրվել տնտեսական աճ: Բայց, տեսեք, հանքարդյունաբերությունը աճում է, բայց արտաքին առևտուրը պակասում է՝ սա է տարօրինակ», - ընդգծեց Խաչատրյանը:

Տրանսֆերտների մասին Կենտրոնական բանկի վերջին հրապարակումը ևս գալիս է լրացնելու պատկերը: Տնտեսական աճ ակնկալելն այս պայմաններում, ըստ Վահագն Խաչատրյանի, լուրջ չէ:

«Տեսնո՞ւմ եք, որ նույն պատկերն է, ինչ որ անցած տարվա սկզբից գալիս է՝ մոտ 40-50 տոկոս կրճատվել է», - նշեց տնտեսագետը՝ մանրամասնելով․ - «Դա խոսում է նրա մասին, որ մեր տնտեսության աճի պայմաններ չկան, այսինքն՝ տնտեսության աճը հիմնականում պայմանավորված էր դրսից՝ տրանսֆերտներով, որի նկատմամբ արդեն միտումները բացասական են և հիմա շարունակվում են, երկրորդը՝ ներդրումներ՝ էլի նույն միտումները շարունակվում են, երրորդը՝ միջազգային տարբեր կազմակերպություններից կամ ընկերություններից վարկեր վերցնել, բայց արդեն դա էլ է սահմանափակ դառնում, սահմանափակվում է, որովհետև մենք արդեն 50 տոկոսից ավել պետական պարտք ունենք, և այս պայմաններում տնտեսական աճ ակնկալելը արդեն մի քիչ, մեղմ ասած, լուրջ չի»:

XS
SM
MD
LG