Մատչելիության հղումներ

Առաքել Մովսիսյանը պատրաստ է գլխատել և բռնաբարել՝ հանուն Սեյրան Օհանյանի


Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնում է հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։

Համացանցում տարածված տեսանյութում պատգամավորը պնդում է՝ Սեյրան Օհանյանը ազգի հերոսն է, ու նրան զրպարտելն անբարոյականություն է։

«Էտ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի։ Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ»,- խոստանում է պատգամավորը։

Գլխատելուց բացի հայտարարությունների հեղինակներին հանրապետական պատգամավորը նաև սեռական բնույթի պատիժ է խոստանում.- «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։

Պատգամավորը հարցազրույցում չի հստակեցրել՝ ի՞նչն է հատկապես իրեն այդպես զայրացրել։

Ավելի վաղ՝ հարցազրույցից օրեր առաջ նախարարի կինը դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։ Թերթի թղթակից Սյուզան Սիմոնյանը վստահ է՝ ինքն, ի տարբերություն պատգամավորի, հոդվածում էթիկայի կանոնները չի խախտել։

«Ուղղակի ես նշել եմ, որ մամուլում այսպիսի տեղեկություններ են տարածվում, որոնց եղել է այսպիսի պատասխան։ Եթե գտնում են, որ այդտեղ հանցակազմ կա, ինչ արած, թողնենք դատարանին»,- ասում է լրագրողը։

Չնայած բարձրաձայն հնչեցված սպառնալիքներին՝ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը պնդում է՝ առայժմ այս հարցով անելիք չունի։ Հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ իր կուսակցի արտահայտությունները կմնան անարձագանք, եթե նրա դեմ դիմում-բողոք չկա։

«Քանի դեռ չկա համապատասխան դիմում բողոք, Էթիկայի հանձնաժողովը կանոնակարգ օրենքով իրավասու չէ անդրադառնալ որևէ խնդրի»,- ասաց պատգամավորը։

Առաքել Մովսիսյանի՝ պատժելու բուռն ցանկությունը զսպել չի պատրաստվում նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խորհուրդ է տալիս գլուխներ կտրելն ու բռնաբարելը բառի բուն իմաստով չընկալել։

«Իմ հասցեին հենց լրագրողներից ամեն օր կայքերում սպառնալիքներ և պրովոկացիաներ եմ նկատում։ Ես չեմ կարծում՝ պիտի ուղիղ հասկանալ։ Պարզապես պիտի նայել, թե ինչպես է պատգամավորն արձանագրում իր խոսքը»,- ասաց Սահակյանը։

Եթե նույնիսկ լրատվամիջոցները վիրավորանք կամ զրպարտող նյութեր են հրապարակում, ապա պատժողը դատարաններն են, հիշեցնում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Հանրապետական պատգամավորի նման պահվածքը պատգամավորի համար զարմանալի չէ, ասում է՝ իշխող կուսակցությունում անգամ խոսքից գործի անցնողներ կան, սակայն մնում են անպատիժ թե՛ իրավապահների կողմից, թե կուսակցության ներսում։

«Իհարկե, կարծում եմ, նրանց «ամենավառ» դեմքը Սուրիկ Խաչատրյանն է, որը կարող է նաև իր այդ ագրեսիան բանեցնի կնոջ նկատմամբ՝ հարձակելով և ծեծելով կնոջը»,- հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG