Մատչելիության հղումներ

logo-print

Մասիսի հիվանդանոցում կրճատել են չորս բուժքույրերի հաստիքները


Մասիսի հիվանդանոցի 4 բուժքույրերն օրերս աշխատանքը կորցնելու մասին ծանուցագրեր են ստացել: Չեն հավատում ղեկավարության պատճառաբանությանը, թե հաստիքը կրճատվում է:

10-35 տարվա մասնագիտական փորձ ունեցող մանկաբարձուհիները «Ազատության» հետ զրույցում նեղսրտում են, թե ինչպես կարող է գինեկոլոգիական բաժանմունքը քույր չունենալ․ - «Գինեկոլոգիական հիվանդներին հետվիրահատական շրջանում մենք ենք խնամում: Ծանր հիվանդների ժամանակ մեր կարիքը խիստ զգացվել է, իսկ հիմա ասում են՝ պահակներ եք»:

65-ամյա Գայանե Ադամյանը չգիտի, թե երկու ամիս անց առանց աշխատանքի ինչպես է ապրելու: Փորձում են հասկանալ, թե ինչու է տնօրինությունը որոշել միանգամից 4 բուժքույրերի կրճատել՝ թողնելով միայն մեկին:

Տնօրինությունից նույն պատասխանն են ստանում՝ հիվանդանոցում ճգնաժամ է․ - «Հիմնարկը պարտքերի մեջ է, մենք ձեզ վճարել չենք կարող: Ասում են՝ հաստիքը փակվել է, դուք երկու ամիս հետո աշխատանքից պետք է ազատվեք: Ծանուցագիրը ուրբաթ օրվանից ստացել եմ, տեղս չեմ գտնում, ի վիճակի չեմ նույնիսկ աշխատելու․․․ Աշխատում եմ մի չոր հացի համար»:

Մասիսի հիվանդանոցը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև անցած տարի, երբ հղիության արհեստական ընդհատումից հետո հիվանդանոցի տարածքում հայտնաբերվեցին պտղի մնացորդներ, իսկ ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել նորածնի վաճառքի փաստով:

Բուժքույրերն ասում են, որ քաղաքի թիվ մեկ առողջապահական հիմնարկում անառողջ մթնոլորտ է տիրում, իրենք էլ տուժում են բժիշկներից մեկի ու բաժանմունքի վարիչի լարված փոխհարաբերությունների պատճառով․ - «Բաժնի վարիչը և բժիշկ Ենգիբարյանը: Իրենք ունենում են հիվանդների հետ խնդիրներ, որոնց արդյունքում տուժում ենք մենք»:

Հիվանդանոցի տնօրինությունից բուժքույրերին նաև ասել են, թե կրճատման ծանուցագրերը մարզպետարանից են ուղարկել: Արարատի մարզի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց․ - «Այդպիսի բան չկա: Այդ հարցում բոլոր լիազորությունները հիվանդանոցի տնօրինությանն են վերապահված»:

Բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը, մինչդեռ, չի հասկանում, թե բուժքույրերն ինչու են բողոքում․ - «Սա կրճատում է, որը նաև ենթադրում է օրենքով սահմանված կարգով ծանուցել աշխատողին»:

Հարցին, թե ինչպես է բաժանմունքն աշխատելու առանց բուժքույրերի, Ղուկասյանը պատասխանեց․ - «Հաստիքը կփակվի, պարտականությունները մյուս քույրերը կկիսեն: Առանց քույրերի չի մնա: Դա ներքին խնդիր է: Մենք մեր աշխատանքը կկազմակերպենք եղած ռեզերվների, հնարավորությունների սահմաններում»:

XS
SM
MD
LG