Մատչելիության հղումներ

Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից Կարապետ Իսրայելյանը «ծեծի է ենթարկվել»


Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից Կարապետ Իսրայելյանը երեկ դիմել է ոստիկանություն՝ պնդելով, որ իրեն ծեծի են ենթարկել: Ոստիկանությունից հաստատեցին այս տեղեկությունը:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ժամը 16:45, Կարապետ Իսրայելյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, թե քաղաքի կենտրոնական փողոցում իրեն ծեծի է ենթարկել ոմն Կարապետ Մկրտչյան: Ավելի ուշ նաև Կարապետ Մկրտչյանն է դիմել ոստիկանություն՝ իր հերթին պնդելով, որ քաղաքապետի թեկնածուն էլ իրեն է ծեծի ենթարկել:

Իսրայելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, իրեն ծեծի ենթարկողի հետ ինքը բառ անգամ չի հասցրել փոխանակել. - «Ես ինձ համար քայլում էի ընկերոջս հետ, մեկ էլ դա եկավ, կանգնեց դեմս, թե՝ «արի ստեղ» ու հայհոյեց, հարձակվեց վրես ու առաջին հարվածը տվեց ծնոտներիս, ու ատամներս հիմա լուրջ խնդիրներ ունեն, գլխիս էլ է հարվածել, ականջիցս արյուն է եկել։ Հիվանդանոց եմ գնացել, բայց չեմ կարող պառկել, որովհետև այդ դեպքում պետք է դիմեմ՝ ընտրությունները հետաձգեն»։

Աբովյանի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ծեծողը պատվեր է կատարել. - «Մեկը փող է տվել իրեն, որովհետև ինքը չէր կարող քաղաքական ուժ լիներ, պանիր ծախող է, ով էս քաղաքում չարագործն է, իրա պատվերն էլ կլինի՝ Առինջի թևը»։

Ոստիկանությունից ասացին, որ երկու քաղաքացիներն էլ ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության:

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG