Մատչելիության հղումներ

Սիրիայում ապրող հայերը հիասթափված են


Ասում են՝ Դամասկոսում հայկական պատվիրակությունը իրենց տարհանման հարցը չի քննարկել։

Սիրիական պատերազմի մեջ կյանքը շարունակող շատ հայեր հիասթափված են՝ հույս ունեին, որ անցած շաբաթ Դամասկոս մեկնած Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կքննարկեր նաև իրենց տարհանման հարցը։

Հալեպահայ Հրանուշ Առաքելյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ շատերն էին սպասում հայկական պատվիրակության կոնկրետ գործողություններին, բայց` ապարդյուն:

«Լավ կլիներ, բոլորը սպասում էին, որ Հայաստանի նախարարությունը մարդ է ուղարկել, ուրեմն մեր հարցը կլուծվի, բայց ասում են՝ նման բան չեն քննարկել։ Այստեղի ժողովրդի կարծիքով՝ առաջնորդարանը կանխեց, թույլ չտվեց, որ ժողովրդին հանեն», - ասաց Առաքելյանը:

Վերջին ամիսներին Սիրիայի կառավարական զորքերի և ապստամբ զինյալների միջև սաստկացած բախումներից հետո, տեղի հայերը մի քանի անգամ դիմել են Հայաստանի կառավարությանը՝ տարհանման խնդրանքով։

Դամասկոսում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը արտգործնախարար Նալբանդյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հավատացրել է, որ Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է և շարունակելու է աջակցել նրանց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում։ Տարհանման մասին, սակայն, որևէ բառ չի ասվել:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայից վերադարձած արտգործնախարարին դեռ չի հանդիպել, այս թեմայով չի զրուցել։ Շաբաթներ առաջ, սակայն, Հրանուշ Հակոբյանը, սիրիական պատերազմի ընթացքում առաջին անգամ, պնդել էր, թե առաջնայինը ոչ թե համայնքի պահպանման, այլ սիրիահայերի փրկության հարցն է:

Այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում, նախարարը հստակ քայլերի մասին նախընտրեց լռել․ ասաց՝ անվտանգության նկատառումներով, փակագծեր չի ուզում բացել։

«Պատկերացրեք, տասը ավտոբուսով շարասյունը շարժվում է, ի՞նչ, «Իսլամական պետություն»-ը պետք է թույլ տա, որ մենք էդպես դուրս գա՞նք, նրանք ի՞նչ են ասում, ասում են կա՛մ իսլամացեք, կա՛մ գումար տվեք, կսպանենք։ Հարցեր կան, որ չի կարելի բարձրաձայնել, դուք թողեք, ես խնդրում եմ, որ մերոնք բարով-խերով տեղ հասնեն։ Ինչո՞ւ է ձեզ թվում, որ մենք ամեն օր, ամեն ժամ դրանով չենք զբաղվում և մեզ համար ցավ չէ այդ մարդկանց վիճակը», - ասաց Հակոբյանը։

Մինչ Սփյուռքի նախարարը որևէ լավատեսական գնահատական չի կարողանում տալ սիրիայում տիրող իրավիճակին, տեղի հայ համայնքի ղեկավարները, ավելի զգուշավոր են. շարունակում են հայտարարել՝ «իրավիճակը խուճապային չէ, և համայնքը լուծարելու անհրաժեշտություն չկա»։

«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը Հալեպից «Ազատության»-ը փոխանցեց՝ այսօր դպրոցներում ավարտական քննություններ են։ «Հիմա համայնքի պատասխանատուները ամեն գնով աշխատում են համայքը պահել, բայց կողմնակի կազմակերպություններ, միություններ կան, որոնք օգնում են, բայց չկա հստակ ծրագիր, որ եթե դուք պետք է գնաք, մենք ամեն գնով կօգնենք ձեզ դուրս գալ գաղութից», - ասաց Պողիկյանը։

Ամիսներ շարունակ, օր առաջ Սիրիայից դուրս գալու համար, Հրանուշ Առաքելյանը շատ կազմակերպությունների է դիմել, բայց՝ անօգուտ։ Նրա բնակարանը հրթիռակոծություններից հողին է հավասարվել ու մի քանի ամիս է բարեկամների տանն է պատսպարվում։ Պատմում է, որ երեկ ևս հրթիռակոծություններ են եղել, վիրավորներ կան։

«Շատերն ինձ կզանգեն, կասեն, Անուշ, լուր ունե՞ս գնալու, թե ինչպես դուրս գանք, ասում են՝ այս կամ այն եկեղեցին կգրանցի դուրս գալու համար, գնում ենք, ասում են՝ սուտ է, ասում են առաջնորդարանը չի թողնում, որ ժողովուրդը դուրս գա։ Ժողովուդրը հո չի մեռնի՝ լույս չկա, ջուր չկա, ոչ մի պարագա չունենք, ոհմակի մեջ մնացել ենք», - ասաց Առաքելյանը։

Սիրիական պատերազմի հետևանքով հայկական համայնքի զոհերի թիվն արդեն անցնում է 100-ը։ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 17 հազար սիրիահայ, որոնցից ավելի քան 4 հազարը հեռացել են այլ երկրներ։

XS
SM
MD
LG