Մատչելիության հղումներ

Կաթի մթերման ցածր գնից տուժող գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը


Աշոցքում մի քանի տասնյակ գյուղացիներ սպառնում են փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, եթե առաջիկա օրերին վարչապետը կամ գյուղնախարարը իրենց չհանդիպեն և չլուծեն օրեցօր էժանացող կաթի մթերման հարցը:

Գյուղացիները պնդում են, որ Հայաստան մեծ քանակով կաթի փոշի է ներկրվել, արդյունքում արտադրողները անընդմեջ նվազեցնում են մթերման գինն ու ծավալները:

«Դարձրել են 130 դրամ, նույնիսկ մեզ նախազգուշացրել են, որ կարող է մինչև դեկտեմբեր փող չստանանք»։

«Կաթը մնացել է վրեքս, չեն տանում, 120-130, նույնիսկ 90 դրամ։ Խնդրեմ, փոշի կաթը բերավ օլիգարխը լցրեց Հայաստան, ժողովրդի սովի մատնեց, պրծավ։ Մեր շնորհիվ չաղացել, հարստցել, թոթոլցել են, մենք էլ սոված ենք։ Ո՞ւմ դիմենք։ Մենք ընտրել ենք ղեկավարությանը, որ գյուղի ժողովրդին էլ նայի, ոչ թե մենակ քաղաքի ժողովրդին»։

«Ստեղ չիդեմ ինչ խաղ է... անցած տարի ոչ մի կոպեկի չկպան, էս տարի նոր-նոր խեղճ կթվորը տասը լիտր կաթ է ստանում, դարձրին 130 դրամ»։

Տեղացիները եկամուտ են ստանում միայն անասնապահությունից, հիմա, սակայն, հաշվարկ են անում ու համոզվում, որ դա այլևս ձեռնտու չէ։ Կաթից բացի, դժգոհում են, թե միսն էլ չեն կարող իրացնել, որ գոնե դրանով տուն պահեն կամ վարկ մարեն:

«Մեր պայմաններում լավ կովը 1 տոննայից ավել կաթ չի տա։ Եթե կաթի գինը էղնի 130 դրամ, 1 տոննա կաթը՝ 130 հազար։ Ձմեռը մենք յոթ ամիս կեր ենք տալիս, մի տուկը 1500 դրամ է, երկու տոննա խոտ է ուտում, լինում է 150 հազար։ Տես 130-150, 20 հազար կերի մեջ տուժվա, հլը նախրչու հախը հաշվե՝ 10 հազար դրամ մի կովին։ Հմի մեր եկամուտը ո՞րն է ստեղ»։

Ամեն ինչ թանկանում է, գյուղացուց մթերվող կաթն՝ էժանանում: Ո՞վ կբացատրի այս հանելուկը, ասում էին վրդովված աշոցքցիները:

«Եթե դու ինձնից առնում էիր 170 դրամով, պանիրը դրել էիր 2500 դրամ, էսօր տանում ես 130 դրամով, դե պանրի գինը իջեցրու խանութում։ Դա էլ հո դրսից ներկվող ապրանք չէ՞, որ ասեն՝ դոլար-դրամ տատանումի հետևանքն է»։

Գյուղացիները, ինչպես իրենք են բնութագրում, աքսորավայր հիշեցնող Աշոցք են հրավիրում երկրի ղեկավարներին։ Ասում են՝ թող Արարատյան դաշտից դուրս գան ու Սիբիր գան, որ գոնե Աշոցքի տեղը սովորեն ու տեսնեն, որ այստեղ էլ են մարդիկ ապրում՝ այս պայմաններում:

Նույն հարցով գյուղացիները բողոքի ցույցի էին դուրս եկել նաև երկու ամիս առաջ, սակայն, ապարդյուն: Այս անգամ սպառնում են, որ եթե պաշտոնյաները իրենց չլսեն, ստիպված կլինեն առավել կտրուկ քայլերի դիմել:

«Ճանապարհը կփակենք ու ցույց կելնենք»,- ասացին նրանք։

XS
SM
MD
LG