Մատչելիության հղումներ

Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» կ/թ․-ի բացմանը, այցելել Կենդանաբանական այգի


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությանը:

Նախագահը ծանոթացել է 2013 թվականից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և կատարված շուրջ 8 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրումների արդյունքում ստեղծված ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոնի (կինոթատրոն, խաղասրահներ, երաժշտական ժամանցի կենտրոն) հնարավորություններին:

Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից այգու մոտ 1 հեկտար տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, հիմնովին նոր դիզայնով կառուցվել է այգու և շենքի լուսային ձևավորումը, վերանորոգվել են այգու շատրվանները:

Կենտրոնում կիրականացվեն նաև բարեգործական ծրագրեր, կկազմակերպվեն երիտասարդ կինոգործիչների, կինոյի տեխնիկական մասնագետների ուսումնական դասընթացներ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կինոթատրոնն այս տարի իր դռներն է բացելու նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների համար. ցուցադրվելու են փառատոնի մասնակից ֆիլմեր, հյուրընկալվելու են մասնակից ռեժիսորներն ու դերասանները, կազմակերպվելու են քննարկումներ, կինոդիտումներ:

Սերժ Սարգսյանն այնուհետև թոռների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ 2014-2015 թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, ինչպիսիք չեն իրականացվել այգու հիմնադրման օրվանից։ Նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև Կենդանաբանական այգու նորակառույց ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժական կետում ստեղծված պայմաններին:

Նախագահին ներկայացվել է, որ այգու 34 հեկտար տարածքից մինչև վերանորոգումը միայն 7 հեկտարն էր կենդանաբնակ և օգտագործելի, ներկայումս գործածվող տարածքը հասել է 16 հեկտարի։

Հիմնովին փոխվել է այգու լուսավորության համակարգը, լուսավորությունն ապահովելու են խնայողատար լամպեր։ Պատասխանատուների հավաստմամբ՝ լուսավորությունն ունենալու է նաև գեղարվեստական լուծումներ, իսկ այգու արտաքին տեսքը խաթարող օդային մալուխներն ամբողջապես իջեցվել են գետնի տակ։ Ասֆալտապատվել և վերանորոգվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները։ Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7 հազար քառակուսի մետր հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ և թփեր, իրականացվել են ծաղկային ձևավորման աշխատանքներ։ Յուրօրինակ տեղանքային լուծումներով կառուցվել են արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել և թարմացվել են այգու խաղահրապարակները։ Կառուցվել է նոր խաղահրապարակ, որում առաջին անգամ տեղադրվել են ներառական նշանակության մանկական խաղահրապարակներ (ընդհանուրի 1/3 մասը)։ Այգում զբոսանքն ավելի հարմարավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով ձեռք են բերվել և շահագործվելու են էլեկտրամեքենաներ։ Վերակառուցվել է այգու անցակետը, որն ապահովված է էլեկտրոնային հսկիչ և գրանցող սարքավորումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG