Մատչելիության հղումներ

Տնտեսագետ. «ՀԷՑ-ը երբևիցե չի ձգտել արդյունավետ տնտեսություն ղեկավարել»


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, 31-ը մայիսի, 2015թ.

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, 31-ը մայիսի, 2015թ.

Վահագն Խաչատրյանը ուսումնասիրել է ընկերության հինգ տարվա ֆինանսական պատմությունը։

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հաշվետվությունից երևում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը 2015 թվականին 65 տոկոսով ավելացրել է իր եկամուտները, փոխարենը Հայաստանում շրջանառվում է ընկերության կրած 250 միլիոն դոլարի կորուստի փաստը։

«Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հարցին, թե ինչպե՞ս է բացատրվում այս խնդիրը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. - «2013, 2012 թվականների հաշվետվություններն են մեր ձեռքի տակ, դեռևս 2014 թվականի հաշվետվությունը չկա, և հաշվետվության մեջ երևում է, որ 2013, 2012 թվականին նշված ընկերությունը համապատասխանաբար վնաս է կրել 9.8 միլիարդ դրամի և 10 միլիարդ դրամի, երբ որ 2011 թվականին ունեցել է շահույթ, այսինքն՝ 2014 թվականին էլ ամենայն հավանականությամբ ինքը վնաս պետք է ունենա, դեռևս հաշվետվությունը չկա, բայց որ արդեն 2015 թվականին ինքը կարողացել է արդեն ձեր նշված 65 տոկոսով ավելացնել իր եկամուտները` սա շատ տարօրինակ է»։

«Ազատության» դիտարկմանը, թե ըստ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հաշվետվությունների, Հայաստանում ՀԷՑ-ը 60 տոկոսով ավելացրել է իր եկամուտները շնորհիվ այն բանի, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդառաջ է գնացել այս ընկերությանը և բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը՝ 3 տարվա կտրվածքով 40 տոկոսով, և հարցին, թե գուցե հայկական ընկերությունը Հայաստանում ուրիշ թիվ է ցույց տալիս, իսկ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը` ուրիշ, կամ գուցե ընկերության եկամուտները բարձր են, բայց ծախսերը՝ շատ, և ընկերությունը կարող է կորուստներ ունենալ, տնտեսագետը արձագանքեց. - «Իհակե, ձեր ասածը կա, բայց խնդիրը կայանում է նրանում, որ 2014 թվականին ինքը եկամուտների մասին չէր էլ խոսում, ես չեմ ասում շահույթի մասին: Բայց իրականում որ եկամուտները պետք է ավելանային այդ 40 տոկոս ավելացման արդյունքում՝ դա փաստ է: Երկրորդը, իհարկե, ռուբլու արժեզրկման հետ կապված խնդիրն է. այստեղ մի ուրիշ կարևոր հանգամանք է դա նշանակում, որովհետև թանկացման հիմնավորումներից մեկը նաև դրամի արժեզրկումն էր, այստեղ ռուբլու հետ կապված ռուսական ընկերությունն ընդհակառակը եկամուտներ է ստանում միայն այդ արժեզրկման շնորհիվ։ Այսինքն, իրականում ինչ է ստացվում՝ ռուսական ընկերությունը՝ Մոսկվայում իրենց գլխամասային ընկերությունը, օգտվում է այդ հնարավորությունից և ստանում է լրացուցիչ եկամուտներ, մենք Հայաստանում այդ ընկերության գործունեությունից վնասներ ենք ստանում»։

Տնտեսագետը նաև նշեց, որ ուսումնասիրել է ՀԷՑ-ի հինգ տարվա ֆինանսական պատմությունն ու եկել այն եզրահանգման, որ այս ընկերությունը «երբևիցե չի ձգտել արդյունավետ տնտեսություն ղեկավարել»։

«Ինչ նկատի ունեմ․ եթե վերցնում եք իր կորուստները՝ 12.8 տոկոս, 13.1 տոկոս, համեմատության համար ասեմ, որ նախկին Խորհրդային Միության երկրների նմանատիպ կառույցներն ունենում էին 8-9 տոկոս կորուստներ, և առաջիկա երեք տարվա նույն իրենց հայտի մեջ մտնում է 12.8 տոկոս կորուստ, և երբ որ նայում ենք, թե ինչ ծախսեր են կատարում՝ հատկապես այդ մեքենաների հայտնի պատմությունը, երբ որ տեսնում եք, թե նրանք իրենց ինչեր են թույլ տվել... Թույլ տալը կարող էր՝ աշխատեք՝ թույլ տվեք, բայց թույլ եք տալիս այն, ինչ-որ չեք աշխատել», - ընդգծեց Խաչատրյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 31-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG